1000х90.jpg (78 KB)

«…Քառասուն հազար մեռյալ պատուհան». Մանդելշտամի աչքին նույն ջարդարարներն ու մարդասպաններն էին

Armenpress 11:15, 15 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրեական ծագմամբ ռուս մեծահամբավ բանաստեղծ Օսիպ Մանդելշտամն ազնվարյուն այն դեմքերից է, որոնց վերապահված էր ի մահ կրելու տառապանքի խաչը եւ մնալու… անգերեզման: Հայաստանին ու ոսկեղենիկ մեր լեզվին սիրահարված այն քչերից, որ եղել էր աստվածաշնչյան մեր երկրում եւ մատենագրել. «Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ…»: Նա ամբողջական գիրք էր նվիրելու Նաիրյան մեր երկրին եւ փաստելու էր այն դժոխքը, որ եկվոր խաշնարած արնախում ազերի կոչված ցեղը 1920 թ. գարնանը սարքել էր հայոց բերդաքաղաք Շուշիում: Նա կնոջ՝ Նադեժդայի հետ այս քաղաք էր այցելել Շուշիի հայության սպանդից տասը տարի անց: Այցելել էր ոչ թե երբեմնի շենշող քաղաք, այլ ավերակներին նրա, որտեղ ժամանակներ անց էլ զգացվում էր մահվան շունչը, ու երեւակվում էին կոտորածների տեսարանները: Իր տեսած ահասարսուռ պատկերները թանձր վրձնահարվածներով ստեղծված կտավ էին հիշեցնելու «Կառապան» բանաստեղծության տողերում.

Ես Ղարաբաղը տեսա լեռնային,

Տեսա գիշատիչ Շուշի քաղաքը,

Ուր ճաշակեցի սարսափներ մահի՝

Հոգուս խռովքին համանվագ…

Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,

Ակնախոռոչներ՝ մութ, սնամեջ,

Դառը տքնանքի բոժոժը հմուտ

Թաղված էր այնտեղ լեռների մեջ…

 

Այդ օրերի ծանր տպավորություններով մեծարժեք հուշագրություններ է թողել բանաստեղծի կինը՝ Նադեժդա Մանդելշտամը. «Մենք ամեն քայլի տեսնում էինք մուսավաթականների ջարդերի հետքերը. Շուշին միայն արդեն բավ էր…»:

Ամուսինները Գյանջայից (Գանձակ) ավտոբուսով Շուշի են այցելում 1930 թ. աշնանը եւ ականատես լինում ողբերգությունն ու ջարդերը փաստող տակավին չջնջված իրողությունների. «Մի ժամանակ ակնհայտ հարուստ ու բարեկարգ քաղաքում աղետի ու կոտորածների պատկերը չափազանց ակնհայտ էր: Մենք քայլում էինք փողոցներով, եւ ամենուր նույն պատկերն էր՝ երկու շարք տներ՝ առանց տանիքների, պատուհանների, դռների: Կոտրված պատուհաններից տեսանելի էին դատարկ սենյակները, տեղ-տեղ՝ պաստառների կտորները, կոտրված կահույքի մնացորդները: Ասում են՝ կոտորածից հետո բոլոր ջրհորները դիակներով բերնեբերան լցված էին: Եթե որեւէ մեկը ողջ էր մնացել՝ փախել էր այս մահվան քաղաքից…»:

Փողոցներում նրանք որեւէ մարդու չեն հանդիպում, միայն ներքեւում՝ շուկայի մոտ տեսնում են մարդկանց, որոնց մեջ, սակայն, գեթ մեկ հայ չկար. միայն մահմեդականներ էին: Բանաստեղծի մոտ այն տպավորությունն էր, որ շուկայի մահմեդականներն այն մարդասպանների մնացուկներն են, որոնք տասը տարի առաջ ավերել էին քաղաքը, միայն թե դրանից որեւէ «օգուտ» չէին քաղել. փողոցում արեւելյան աղքատություն, հրեշավոր ցնցոտիներ ու թարախոտ պալարներ նրանց դեմքերին… Թեեւ ամուսինները քաղցած էին, սակայն չեն համարձակվում այդ ձեռքերից բլիթներ գնել. «Անհնար է մի կտոր հաց ուտել, ջուր էլ չես խմի այդ ջրհորներից…»:

Քաղաքում հյուրանոցներ չկային: Շուկայի մարդիկ նրանց առաջարկում են գիշերել իրենց մոտ, բայց սահմռկած ամուսինները, Շուշիում պահպանված մահվան շնչից ու ջարդերի պատկերներից սարսափած, որոշում են ամեն գնով վերադառնալ Ստեփանակերտ: «Իսկ Մանդելշտամը չէր կարողանում ազատվել այն մտքից, որ իր առջեւ ջարդարարներ ու մարդասպաններ են, որոնք տասը տարի առաջ կործանեցին քաղաքը, բռնաբարեցին ու մորթոտեցին հայ կանանց ու երեխաներին, իրենց կեղտոտ ձեռքերով պղծեցին հայոց օջախն ու եկեղեցին…»:

Այո, մարդասպանների դեմքերին դաջված վայրենու կնիքը անգամ ժամանակներն են անզոր քերելու: Վկան՝ մեր ապրած ժամանակների թուրքն ու թուրք ազերին…

Ասենք, որ Օսիպ Մանդելշտամը սովորել է հայոց լեզուն, հրճվել այն գիտակցությունից, որ իր շուրթերով արտաբերում է իսկական հնդեվրոպական բառարմատներ: Նա զարմացած է եղել հայոց լեզվի բացառիկությամբ եւ անբացատրելի ուժով, սքանչացել մեր ճարտարապետությամբ, մշակույթով՝ կերպարվեստով, երաժշտությամբ:

Բանաստեղծի սերն առ Հայաստան եղել է վարակիչ. մեր երկրից Մոսկվա վերադառնալուն պես նա Աննա Ախմատովային առաջարկում եւ նրա անունը դարձնում է… Անուշ: Եվ այդուհետ Ախմատովան իր նամակներն ստորագրում է հայաբույր այդ անունով: Մանդելշտամի ազդեցությամբ էր, որ Ախմատովան եւ իր գրչակիցներն սկսում են թարգմանել Դանիել Վարուժանի, Չարենցի, մեր այլ մեծերի բանաստեղծությունները: Ինչպես հուշագրել է նրա կինը, «Անուշ անունը մեզ հիշեցնում էր Հայաստանը, որի մասին Մանդելշտամը ամենուր գրում է, չի դադարում երազել…Նրա եւ իմ հիշողության մեջ մնացել էր «Մանիր, մանիր, իմ ճախարակ» երգը, եւ «Հայկական ճախարակը» ապրում էր մեզ հետ Շուբերտի «Ճախարակի» հետ մեկտեղ…»:

Խոնարհում ու հարգանք մարդասպանների ու ստալինյան բռնությունների դեմ՝ հենց այս դահճի իշխանավարության օրոք ըմբոստացած արիասիրտ բանաստեղծին, որի մարմինը մահվանից մեկ տարի անց, խառնելով հարյուրավոր անմեղ դատապարտյալների սառցակալած մարմիններին, հողածածկել են սիբիրյան անհայտ հեռաստաններում:

Բայց նա կա, ապրում է օրհնյալի լուսապսակը ճակատին եւ կշարունակի ապրել մարդկային այն արժեքների աշխարհում, որն այդպես էլ հասանելի չեղավ մարդակերներին:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am