Հունաստանը 100 եվրո տուգանք է սահմանել Covid-ի դեմ չպատվաստված տարեց քաղաքացիների համար

Armenpress 21:00, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի իշխանությունները հունվարի 17-ին պարտադիր պատվաստում են մտցրել 60 տարեկանից բարձր բնակիչների համար, մինչդեռ պատվաստումից հրաժարվողներին տուգանքներ են սպառնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով The Guardian-ին։

Հրատարակության տվյալներով՝ հունվարի ընթացքում տուգանքը կկազմի 50 եվրո, իսկ հաջորդ ամիսներին՝ 100 եվրո։

«Տարիքային գործոնը կարևոր է՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը հանրային առողջապահական ծառայության վրա»,- նշում է Հունաստանի առողջապահության նախարար Թանոս Պլեուրիսը:

Հույների մոտ երկու երրորդը ներկայումս պատվաստված է: Մահացությունների և ամենօրյա հոսպիտալացումների մակարդակը աճել է օմիկրոն տարբերակի տարածումից հետո, թեև վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնվածությունը փոքր-ինչ նվազել է։

Անցյալ տարի Հունաստանը պարտադիր պատվաստումներ է սահմանել բուժաշխատողների համար։ Փետրվարի 1-ից պատվաստման վկայականը ուժի մեջ կլինի յոթ ամիս, որից հետո անձը պետք է ստանա երրորդ խթանիչ դեղաչափը։

Worldometer վիճակագրական պորտալի տվյալներով՝ Հունաստանում համաճարակի սկզբից ի վեր ավելի քան 1,6 միլիոն մարդ վարակվել է COVID-19-ով, մոտ 21,7 հազարը մահացել է, 1,2 միլիոնը՝ ապաքինվել։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am