ՀՀ-ում 2021 թվականին ավտովթարից մահացել է 368 մարդ. ոստիկանությունը հայտնեց վթարների հիմնական պատճառները

Armenpress 10:52, 26 Հունվար, 2022

 ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականի ընթացքում արձանագրվել է 4604 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով մահացել է 368, մարմնական վնասվածքներ ստացել` 6704 մարդ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանությունից նշեցին, որ 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած պատահարների քանակն աճել է 588-ով, մահացածների թիվը՝ 20-ով, վիրավորների թիվը՝ 858-ով:

«2021 թվականի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներն են վարորդի կողմից արագության ռեժիմի խախտումները, երթևեկության գոտիների վերադասավորման և խաչմերուկների անցման կանոնների խախտումները, տրանսպորտային միջոցների միջև անվտանգ միջտարածություն չպահպանելը, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելը և հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելը։

Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվում են ուժեղացված միջոցառումներ, կատարվում են փոփոխություններ ճանապարհապարեկային ծառայության ծառայողների տեղադիրներում, միջոցներ են ձեռնարկվում ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով տեխնիկական միջոցների փոփոխման, տեղադրման, ինչպես նաև երթևեկության կազմակերպման արդիական միջոցների ներդրման ուղղությամբ»,- ասացին ոստիկանությունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am