Գեղարքունիքի կրթական ոլորտում պետական միջոցներով 2021-ին իրականացվել են ընթացիկ եւ կապիտալ վերանորոգման աշխատանքներ

Armenpress 17:39, 31 Հունվար, 2022

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի կրթական ոլորտում պետական միջոցներով  2021 թվականին իրականացվել են ընթացիկ եւ կապիտալ վերանորոգման, գույքի ձեռքբերման եւ այլ կարգի աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, 2021 թվականին մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում կատարվել է հաստատված նախահաշիվների փոփոխություններ, ինչի արդյունքում ընթացիկ եւ կապիտալ վերանորոգմանը հատկացվել է 79 միլիոն 458 հազար դրամ,  գույքի ձեռքբերման համար՝ 19 միլիոն 882 հազար դրամ, այլ աշխատանքների ու ծառայությունների համար՝ 12 միլիոն 239,9 հազար դրամ։ Հանրակրթական ուսումնական ծրագրերը կատարվել են ամբողջ ծավալով:

«2021 թվականին մարզի  դպրոցների երթեւեկող 348 մանկավարժներին եւ 73 աշակերտներին բնակավայրից բնակավայր մեկնելու համար տարեկան կտրվածքով պլանավորվել է 28 միլիոն 160  հազար 500 դրամ, որի դիմաց փաստացի ֆինանսավորվել է 26 միլիոն 161 հազար 500 դրամ։  ՀՀ պետական բյուջեից վերաբաշխման արդյունքում կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավման նպատակով մարզին հատկացվել է 200 միլիոն 582 հազար 700 դրամ, որը բաշխվել է 22 դպրոցների միջեւ, իսկ հանրակրթական դպրոցների գույքով եւ տեխնիկայով ապահովման համար` 24 միլիոն 714 հազար դրամ, որը բաշխվել է 23 դպրոցների միջեւ։ ՀՀ կառավարության որոշմամբ 2021 թվականին մարզի համայնքների եւ մարզպետարանի ենթակայության ՊՈԱԿ-ների առաջնահերթ հիմնախնդիրների լուծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 140 միլիոն դրամ, որից ծախսվել է շուրջ 129,4 միլիոնը։ Հատկացված միջոցներով հիմնանորոգվել, նորոգվել, կառուցվել են մի շարք օբյեկտներ»,-ներկայացրեց Յուրա Մուշեղյանը։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am