1000х90.jpg (78 KB)

Ամեն ինչ անելու ենք, որ էլեկտրաէներգիայի շուկայում լինի ոչ թե միջինացված, այլ արդարացված գնագոյացում. փոխնախարար

Armenpress 09:53, 3 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2022 թվականի փետրվարի 1-ից անցում է կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացված մոդելին:

Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ: Փոխնախարարի խոսքով՝ ազատականացված շուկայի ամբողջ իմաստը արդարացի գնի սահմանումն է յուրաքանչյուր սպառողի համար։

-Պարոն Վարդանյան փետրվարի 1-ից Հայաստանն անցում է կատարում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացված մոդելի։ Ի՞նչ է դա իրենից ենթադրում:

Մեր համակարգն այժմ գործում է մեկ գնորդի մոդելի սկզբունքով, այսինքն՝ բոլոր արտադրող կայաններից Հայաստանի էլեկտրական ցանցերը գնում է հոսանքը,  վաճառում է բաժանորդներն և բոլոր ծառայություններ մատուցողներին վճարում է: Ազատականացված մոդելը ենթադրում է, որ արդեն լինելու է այլընտրանք: Այլ մատակարարող ընկերություններ ևս հնարավորություն կունենան շուկայում ձեռք բերել հոսանք և վաճառել սպառողներին, ինչը նշանակում է, որ որոշ կայաններ արդեն չեն ունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ձևավորված սակագին, այլ կսկսեն վաճառել իրենց էլեկտրաէներգիան շուկայում առկա պահանջարկի և առաջարկի արդյունքում ձևավորված գնով։ 

էլեկտրաէներգիայի շուկայի փուլային ազատականացումը կապահովի հավասար մրցակցային պայմաններ, կնպաստի սակագների կայունացմանը, նոր մակարդակի կբարձրացնի տարածաշրջանային համագործակցությունը:

-Մոդելով նախատեսված է, որ որոշ կայաններ արդեն չեն ունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ձևավորված սակագին, այլ կսկսեն վաճառել իրենց էլեկտրաէներգիան շուկայում: Որքա՞ն նման կայաններ ունենք, ի՞նչ հզորությամբ են գործում, ի՞նչ արտադրական ծավալների մասին է խոսքը:

Այս պահին ունենք 40 հիդրոէլեկտրակայան, որոնց պետության կողմից տրված գնման երաշխիքը լրացված է և կարող են շուկայում  ազատ  վաճառել հոսանք:  Որպեսզի փոփոխությունը մեծ չլինի, առաջիկա տարին ընտրության հնարավորություն ենք տալիս, որպեսզի իրենք  որոշեն վաճառել հոսանքը ՀԷՑ-ին, թե շուկային : Բայց կարծում եմ, որ կամաց- կամաց հարթակը կձևավորվի և բոլորը դուրս կգան շուկա, և չեն սպասի մինչև դառնա պարտադիր:

Նշեմ, որ հաշվառման մոդելն ենք փոխել, անցնում ենք ժամային մոդելին, որը շատ բարդ գործընթաց է: Այս պահին 40 կայանի այդ հնարավորությունը տրված է, իրենք կարող են ընտրել՝ մնալ ՀԷՑ-ի ցանցում, որտեղ վաճառելու են անհաշվեկշռույթի գնով՝ 15,9 դրամ, թե դուրս գալ շուկա, որտեղ հնարավորություն են ունենալու ավելի բարձր  գնով վաճառել:

Կայանները շուկայում հնարավորություն են ունենալու սպառողներ գտնելու և մատակարար ընկերությունների միջոցով ուղիղ վաճառք իրականացնելու: Ուղիղ վաճառքը հիդրոէլեկտրակայանների կամ մեկ կայանի համար բավականին բարդ է, քանի որ հաշվառումը ժամային է, նա պետք է գտնի սպառող, որը իր արտադրած նույն քանակի հոսանքը սպառի, որպեսզի ավելցուկ կամ պակասորդ չլինի:

-Եթե կայանները շուկայում սկսեցին վաճառել էլեկտրաէներգիան առանց հանձնաժողովի ձևավորած սակագնի, ընդհանուր առմամբ շուկայում սակագնային ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում: Սպառողը որքանո՞վ դա իր գրպանի վրա կարող է զգալ:

Այս պահին հանձնաժողովը այդ կայանների համար սահմանել է սակագին՝ 15,9 դրամ, եթե իրենք ուզում են չչարչարվել, կարող են մնալ ՀԷՑ-ի վերահսկողության տակ,  ժամային գրաֆիկներ չկազմել, ՀԷՑ-ը լինի իրենց համար հաշվեկշռող, և վաճառեն սահմանված սակագնով: Բայց եթե ուզում են ավել գումար աշխատել,  կարող են դուրս գալ շուկա, կամ ուղիղ վաճառել, կամ  մատակարարի միջոցով, բայց պետք է նշեմ, որ մատակարարի հետ իրենց պայմանագիրը մենք չենք կարգավորում: Ամեն ինչ անելու ենք, որ երկրում լինի արդարացված գնագոյացում, ոչ թե միջինացված:   

-Արդյոք դաշտում նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտություն կա՞, որպեսզի այդ կայանների թիվն ավելանա: Եթե այո, ապա ինչ քայլեր են նախատեսված: 

Ես կածում եմ, որ բոլոր քայլերը արդեն իսկ արված են, օրենսդրական փոփոխությունները դեռևս 2017 թվականից նախաձեռնվել է և փուլային իրականացվել է՝ կառավարության նոր որոշումներ, նոր գործիքակազմի ներդրումներ, ինչպես նաև մնացած փոփոխությունները: Ամեն ինչ արվել է, որպեսզի նպաստավոր լավ դաշտ ստեղծվի՝ ազատ շուկայում գործելու պայմանով: Սա  արվել է նրա համար, որպեսզի դաշտը առավել գրավիչ լինի, մարդիկ շահագրգռվեն կառուցել նոր կայաններ և սկսեն իրենք իրենց սեփական հոսանքը սպառել:

-Այս ուղղությամբ ներդրումները որքանո՞վ են գրավիչ և կա՞ն արդյոք հետաքրքրվողներ:

Այս պահին հետևում ենք ընթացքին: Դեռևս շուկայի կառավարման ծրագրում մատակարար կամ որակավորված սպառող չի գրանցվել, բայց  բավականին ակտիվ են հետաքրքրվողները, արդեն 3 լիցենզավորված ընկերություններ կան: Սակայն  կարծում եմ, որ առաջիկա ամիսներին թիվը կաճի, կունենանք մինչև 10 լիցենզավորված ընկերություն, մի քանիսն էլ կլինեն մեծածախ շուկայի առևտրի մասնակիցներ: Գիտենք, որ մարդիկ արդեն սկսել են միմյանց հետ պայմանավորվել, փորձել երկարաժամկետ պայմանագրեր կազմել, ինչն էլ կհանգեցնի շուկայի արագ ձևավորմանը և աշխուժացմանը:

-Ի՞նչ գործընթաց է սպասվում ապագայում:

Առաջին գործընթացը լինելու է մատակարարների ինստիտուտի  և որակավորված սպառողների ձևավորումը: Իսկ այն, ինչ արվում է, միտված է, որպեսզի արդարացի գնագոյացում տեղի ունենա, այսինքն՝ տարբեր սեզոններին, օրվա ընթացքում տարբեր ժամերին տարբեր է էլեկտրաէներգիայի ձեռքբերման գինը: Սակայն այսօր մենք բոլորս նույն գինն ենք վճարում՝ միջինացված սակագնով, որը ըստ իս արդարացի չէ: Եթե ես սպառում եմ ավելի թանկ ժամանակի հոսանք, պետք է դրա դիմաց թանկ վճարեմ և հակառակը՝ էժանի դեպքում ավելի էժան վճարեմ: Հիմա գնում ենք նրան,  որ յուրաքանչյուրը կվճարի համարժեք  գումար իր օգտագործած էներգիայի դիմաց:

Գայանե Գաբոյան 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am