1000х90.jpg (78 KB)

Պուտինի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ սակարկելը. Թուրքիայի նախագահի խոսնակ

Armenpress 13:59, 8 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ իր կարծիքով, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ սակարկելը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը, իմ կարծիքով, ոչ թե Ուկրաինան է, այլ սակարկելը Արեւմուտքի հետ։ Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների դիրքորոշումը կրիտիկական կարևորություն ունի, քանի որ նրանք կարող են նվազեցնել առճակատման ինտենսիվությունը, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգնել դրան՝ խաղալով միջնորդի արդյունավետ դեր»,- ասել է Քալընը։ 

Նրա խոսքով, Թուրքիայի ղեկավարի վերջին այցը Կիև տեղի է ունեցել տարածաշրջանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։ 

«Ուկրաինայում Էրդողանի այցը շատ դրական ընդունվեց։ Նման տեսակետը կիսում է ՆԱՏՕ-ն։ Նախագահ Էրդողանը Կիևում շատ հավասարակշռված հայտարարություններ է արել՝ կողմերին երկխոսության կոչ անելով։ Կարծում եմ՝ չափազանցություն չի լինի ասել, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է միջնորդի դեր կատարել այս իրավիճակում։ Նույն Պուտինի հետ Արեւմուտքի առաջնորդների շփումները բոլորովին այլ բնույթ են կրում»,- ասել է Քալընը։ 

Միաժամանակ նա նշել է, որ նույնիսկ Ուկրաինայում բացահայտ անհանգստացած են Ռուսաստանի Դաշնության մոտալուտ ագրեսիայի վերաբերյալ պնդումներով։ 

«Ցանկացած պատերազմ ռիսկ և բեռ է, որը պետք է հնարավորինս հաշվարկել, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական հարթության վրա։ Շատ կարևոր է ձգտել նվազեցնել լարվածության ինտենսիվությունը և պատասխանել մի պարզ հարցի. ինչպիսի՞ն կլինի աշխարհաքաղաքական դասավորվածությունը Սառը պատերազմի ավարտից 30 տարի անց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը, իմ կարծիքով, ոչ թե Ուկրաինան է, այլ սակարկությունն Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև առճակատման ֆոնին Թուրքիայի դիրքորոշումը շատ կարևոր է»,- ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am