1000х90.jpg (78 KB)

ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության հարցեր

Armenpress 20:19, 8 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը՝ կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև սահմանային մաքսային անցակետերում արդիական մաքսային լաբորատորիաների ստեղծման անհրաժեշտությունը: ՊԵԿ նախագահը կարևորել է մաքսային լաբորատորիաների ստեղծման ընթացքում ՌԴ օրինակելի և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝  մարդկային ներուժի և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից:

«Կողմերն ընդգծել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի առկայությունը, ինչը թույլ է տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բարձր է գնահատվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը մշտական հիմունքներով գործող ՌԴ դաշնային մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատանքը: Ընդգծվել է՝ կառույցն անհապաղ արձագանքում է հրատապ լուծում պահանջող հարցերին:

Նշվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության միջև առկա համագործակցության մակարդակից՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել երկու երկրների հարկային և մաքսային վարչարարության ոլորտի  միջև հետագա համագործակցությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am