«Հըզբոլլահը» հայտարարել է իր ինքնուրույնության մասին. Հրեական պետությունը երբեք չի համարձակվի հարձակվել

Armenpress 09:15, 11 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան հայտարարել է, որ Իրանի ու Իսրայելի միջեւ հնարավոր բախումը ի վիճակի է անկայուն դարձնել Մերձավոր Արեւելքը, բայց դա չի նշանակում, որ Թեհրանի դաշնակիցներն անմիջապես կմիանան մարտական գործողություններին: Ըստ լիբանանյան կազմակերպության ղեկավարի՝ «դիմակայության առանցքի» ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ինքնուրույն կորոշի՝ արդյոք տեղի՞ն է պատասխան գործողություններ կազմակերպել հրեական պետության դեմ: Նասրալլայի արտահայտությունները քանդում են իրանական դաշնակիցների միասնության մասին պատկերացումները, սակայն փորձագետները համարում են, որ այսպիսի հայտարարություններն անհրաժեշտ է դիտարկել Լիբանանում կայանալիք մայիսյան ընտրությունների համապատկերում:

Նասրալլան այս հայտարարությունն արել է «Ալ-Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իրանը տարածաշրջանային ուժեղ պետություն է, եւ նրա հետ ցանկացած պատերազմ կպայթեցնի ողջ տարածաշրջանը»,- ասել է «Ալլահի» կուսակցության գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով Թեհրանի ու Թել Ավիվի միջեւ հնարավոր դիմակայությունը: Նասրալլան, այնուամենայնիվ, վստահություն է հայտնել, որ հրեական պետությունը երբեք չի համարձակվի հարձակվել. Իսրայելում, նրա խոսքով, հակասություններ կան քաղաքացիական ու ռազմական կառույցների միջեւ՝ կապված ուժային սցենարի կիրառման նպատակահարմարության հետ:

Իսրայելական պաշտոնատար անձինք սկսել են ավելի հաճախ խոսել Իրանի հետ դիմակայության մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմն Իսլամական Հանրապետության հետ բազմակողմ «միջուկային» բանակցություններ նախաձեռնեց: Թեհրանի տարածաշրջանային հարեւանները զգուշանում են, որ հնարավոր պայմանավորվածությունները նրան կազատեն միջազգային պատժամիջոցների բեռից, սակայն լուրջ պարտավորություններ չեն դնի՝ կապված միջուկային ծրագրի սահմանափակման հետ: Պատրաստակամությունը՝ Իրանի միջուկային ենթակառուցվածքների նկատմամբ կիրառելու ուժային մեթոդներ, իսրայելցիները մեկ անգամ չեն ապացուցել գործով:

«Ալլահի կուսակցության» առաջնորդի արտահայտությունների հնչեցումը համընկավ փետրվարի 9-ին Իսրայելի ու Սիրիայի միջեւ արձանագրված փոխհրաձգության հետ, որը նույնպես համարվում է իրանական «դիմակայության առանցքի» տարր: Հրեական պետության վարկածի համաձայն՝ Արաբական Հանրապետության զինվորականները զենիթային հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որից հետո վերջինիս պաշտպանության բանակը՝ «Ցախալը», հարվածներ է հասցրել իրանական «երկիր-երկինք» մարտկոցներին՝ ներառյալ ռադարներին ու զենիթային սարքավորումներին:

Սիրիական պետական ԶԼՄ-ները, սակայն, պնդում են, որ առաջինը հարձակում է ձեռնարկել Իսրայելը. օդային հարվածների է ենթարկվել Դամասկոսի շրջանը: Սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները, ինչպես տեղեկացնում է SANA-ն, հետ են մղել հարձակումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական ՀՕՊ միջոցները խփել են հրեական պետության F-16 կործանիչների 7 հրթիռ, որոնք արձակվել էին Դամասկոսի միջազգային օդանավակայանի ուղղությամբ: Ի պատասխան դրա՝ Արաբական Հանրապետության ՀՕՊ միջոցները կրակ են բացել մայրաքաղաքի օդային թիրախների ուղղությամբ: Սիրիական C-200 ՀՕՊ համակարգերը 4 զենիթային հրթիռ են արձակել դեպի իսրայելական ինքնաթիռները: Հրթիռներից մեկը պայթել է Գոլանի բարձունքների վրա: Հարկ է նշել, որ իսրայելական փառաբանված «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ միջոցները դրանցից եւ ոչ մեկը չեն կարողացել խփել, չնայած որ հրթիռները հասել են մինչեւ Պաղեստինի կենտրոնական մաս: Բացառված չէ, որ դա ռուսական «Խմեյմիմ»  ավիաբազայում հատուկ միացված ռուսական ռադիոէլեկտրոնային համակարգի գործողության հետեւանք է…

Նասրալլայի արտահայտությունները հասկանալու համար կարեւոր է նաեւ ներքին քաղաքական համատեքստը: Լիբանանն աստիճանաբար մոտենում է խորհրդարանական ընտրություններին: Երկիրն առաջվա պես տնտեսական խոր ճգնաժամ է ապրում, որը միայն խորանում է իշխանության վերին օղակներում ազդեցության ոլորտների բաժանմամբ: «Հըզբոլլահին» հաճախ պետական խնդիրների աղբյուր են համարում: Հանրապետության վարչապետ Նաջիբ Միկատին նկատել է, որ Լիբանանը «իր համար ճակատագրական տարի է մտնում»: «Պատգամավորների պալատի առաջիկա ընտրությունները, իսկ հետո նախագահական ընտրությունները փոփոխությունների կհանգեցնեն ներքին քաղաքական ասպարեզում, եւ մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից»,-շեշտել է կառավարության ղեկավարը:

«Դժվար թե արժե լրջորեն վերաբերվել հարցազրույցին, որում Նասրալլան ամեն կերպ ընդգծում էր ոչ միայն Իրանի անկախությունը, որը, նրա խոսքով, «անկախության օրինակ է աշխարհում», այլեւ «Հըզբոլլահի», որը կարծես կարողացավ փոխել Իսրայելի «վարքագիծը»,- «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ասել է Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի հրավիրյալ հետազոտող եւ Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ Անտոն Մարդասովը:

Վերլուծաբանի գնահատականների համաձայն՝ նման հայտարարություններն առաջին հերթին կապված են խորհրդարանական ընտրությունների հետ: «Հըզբոլլահը» բախվում է մի շարք ծայրահեղ լուրջ մարտահրավերների: «Նախկին վարչապետի՝ սունի Սաադ Հարիրի կողմից ընտրությունները բոյկոտելը սպառնում է խափանել ողջ ընտրական գործընթացը: Նախկին վարչապետներ Ֆուադ Սինյորան եւ Թամմամ Սալամն արդեն հայտարարում են, որ չեն մասնակցի, կառավարության գործող ղեկավար Նաջիբ Միկատին նույնպես այդ մասին է ակնարկում»,- նշել է Մարդասովը: Արդյունքում սունիները կարող են հեռանալ խորհրդարանից, ինչն անհնար կդարձնի նախագահի ընտրությունները, իսկ այդ պաշտոնին ձգտում է տիրանալ քրիստոնյա առաջնորդ Ջեբրան Բասիլը: Ըստ Մարդասովի՝ առանց «սունիական անձրեւանոցի» «Հըզբոլլահը» կհայտնվի բոլոր շերտերի քննադատության տակ:

Բացի այդ, գործող նախագահ Միշել Աունը նոր խաղ է սկսել՝ կոչ անելով ակտիվացնել ջանքերը լիբանանյան ազգային պաշտպանության ռազմավարության համաձայնեցման համար: «Դա կարմիր շոր է «Հըզբոլլահի» համար, քանի որ այն ենթադրում է երկխոսություն նրա հրթիռային զինանոցի կարգավիճակի շուրջ»,- ասել է Մարդասովը: Նրա խոսքով՝ այս կերպ Աունը ցանկանում է ստիպել «Հըզբոլլահին»՝ աջակցելու իր փեսային՝ Բասիլին՝ առանց հաշվի առնելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դիրքորոշումը, որը, ինչպես կարծում է Մարդասովը, ծրագրում է առաջ մղել սիրիամետ դաշինքի թեկնածուին: Խաղալով «Հըզբոլլահի» հետ հակասությունների վրա՝ Աունն ուզում է միավորներ հավաքել իր կուսակիցների համար մայիսյան ընտրություններում եւ բարձրացնել Բասիլի հնարավորությունները, քանի որ քրիստոնյա ընտրազանգվածը նույնպես հոգնել է «Հըզբոլլահից», որը, լիբանանյան քաղաքական գործիչներին մղելով մանեւրելու, Պարսից ծոցի երկրներին ստիպեց հեռանալ Լիբանանից:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am