«Մայրիկ, ե՞րբ կլուսանա, գիշերը չանցա՞վ…». խավարի մեջ ապրած աշուղը, որի հոգին լույսեր ճառագեց…

Armenpress 09:15, 24 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գուսան Հավասի… Եթե մեզանից յուրաքանչյուրն արժանացած լիներ նրա անիծյալ  ճակատագրին, դժվար թե որեւէ բանի «հավես»՝ ցանկություն ունենար, անգամ՝ ապրելու, առավել եւս՝ երգեր ստեղծելու, դրանք կատարելու: Բայց նա սովորական մարդու նման չէր՝ գիշերային անթափանց խավարի մեջ ապրելով ամբողջ մի կյանք, աշուղն իր հոգում փայփայած լույսը վերածեց չքնաղ երգերի ու ընծայեց ապրողներիս: Իր մթագնած աչքերով տեսավ եղնիկի «ծուռ նայվածքը» չքնաղ տեսքով իր յայլավոր յարին, գովերգեց իրեն տեսիլված Ջավախեթի լուսաշող աղջկան, նրա տված ընծա խնձորը:

Երգեց սեր ու կյանք՝ անկախ այն հանգամանքից, որ նույն կյանքը պատուհասել էր իրեն դեռ մանուկ հասակից. երեք տարեկանում ծաղիկ հիվանդությունը գտնում է Արմենակին: Սկսում է կուրանալ: Ցկյանս իրեն այցելած դժբախտության մասին գաղափար չունեցող փոքրիկը սկսում է վախենալ մթությունից եւ տագնապով հարցնում է մորը. «Մայրիկ, ե՞րբ պիտի լուսանա, գիշերը չանցա՞վ…»: Վշտահեղձ մայրը, ընկալելով իր փոքրիկի հետ կատարվածը, լուռ լալիս է ու հեծեծում, որ ոչնչով չի կարողանում օգնել ձագուկին: Ցավոք, երեխայի աչքերին իջած գիշերն այդպես էլ չէր լուսանալու՝ անկախ ծնողների գործադրած ջանքերից…. Իսկ հասուն տարիքում մորմոքելու էր, որ «անգութ աշխարհն իրեն դարդ է տվել անփարատ…».

Կարծես ես քո որդին չէի հարազատ,

Այլոց համար բարի մայր ես գթառատ,

Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,

Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր…

Հայ գուսանական արվեստի աստղաբույլում իր աստղը վառած Հավասին ծնվել է պատմական Ջավախքի Ծալկայի շրջանի Այազմա (հունարեն բառ, որ նշանակում է սուրբ աղբյուր) գյուղում՝ ընչազուրկ ընտանիքում: Հայրը, որ երգասաց էր ու հեքիաթներ պատմող, մտահոգ արեւի լույսից զրկված իր որդու ճակատագրով՝ ելքեր է փնտրում, որ ապագայում նա մի զբաղմունք ունենա: Եվ քանի որ նկատել էր Արմենակի ձայնային տվյալները, երգելու ունակությունը, որոշում է նրան ուղարկել աշուղի մոտ՝ սովորելու: Այստեղ բախտը ժպտում է. հարեւան գյուղն ուներ իր աշուղը՝ Դովրանին, որի մոտ էլ ապագա աշուղը սովորում է սազ նվագել, որոշ գիտելիքներ ստանալ գուսանական արվեստի մասին: Տասներկու տարեկան հասակից սկսում է երգել, տեղական աշուղների հետ շրջագայել գյուղերում: Հայր Պարսամը, որ մոտիկից էր ծանոթ Ախալքալաքի գավառի Սուլդա գյուղում ապրող եւ արդեն մեծ անուն հանած աշուղ Թիֆիլուն (Եղո Մանուկյան), որդուն ուղարկում է նրա մոտ իմացածը լրացնելու: Երկու տարի, եւ Ջիվանու մտերիմ ընկեր Թիֆիլին Արմենակին հռչակում է աշուղ, տալիս աշուղական անուն՝ Հավասի, որ թուրքերենից թարգմանաբար ցանկություն, տրամադրություն, սեր է նշանակում: Հետագայում աշուղը խորին երախտագիտությամբ էր փառավորելու իր վարպետին` նրան ընծայելով իր անփոխարինելի նվագարանը.

Սազ եմ բերել, վարպետ, խնդրեմ ընդունես,

Թե ավել, թե պակաս՝ Հավասուդ ներես,

Ինչ ցանկաս՝ նոր սազով միշտ գլուխ բերես,

Իմ անգին ուսուցիչ՝ ազնիվ Թիֆիլի…

Տարիներով քեզ հնազանդ մնացի,

Քո շնորհիվ միտքս, աչքերս բացի,

Ջանք չխնայելով հասցրիր հացի,

Հայրական հոգու տեր, անգին Թիֆիլի….

1929-ին երեսունչորսամյա՝ արդեն ընտանիք կազմած եւ երկու երեխայի հայր Հավասին բնակություն է հաստատում Ախալքալաքում: Երգի սիրահար ջավախքցիներն առանձնակի սիրով ու հոգատարությամբ են շրջապատում իրենց նորեկ գուսանին: Իսկ մտերմությունը տեղի նշանավոր երաժիշտներ, ջութակահար Աշո Գրիգորյանի եւ դուդուկահար Հարութ Դավթյանի հետ մեծապես նպաստում է աշուղի երաժշտական զարգացմանն ու ճանաչվածության շրջանակների ընդլայնմանը: Բայց որքան էլ ջավախքյան միջավայրը հոգեհարազատ էր, վաստակած սերն ու հարգանքը՝ անսահման, գուսանին կանչելու էր Երեւանը: 1944 թ. Հավասին հաստատվում է հայոց մայրաքաղաքում, կույրերի միավորման վարչությունում Բրայլյան համակարգով գրել-կարդալ սովորում, մասնակցում գուսանական մրցույթների, շահում մրցանակներ: Իսկ ընկերական շրջապատում մեծամեծներ էին՝ Ավետիք Իսահակյան, Հրաչյա Ներսիսյան, Արման Կոթիկյան, Շարա Տալյան, այլ դեմքեր:

Գալով գուսանի ստեղծագործական հունձքին՝ ասենք, որ գրել է շուրջ երկու հազար երգ, հազար հինգ հարյուր քառյակ, հարյուրից ավելի մեղեդիներ: Նրան անձամբ է այցելել հանճարեղ Արամ Խաչատրյանը՝ վերցնելու մեղեդային մոտիվներ՝ իր փառավոր ստեղծագործություններում օգտագործելու համար: Գրել է նաեւ հեքիաթներ՝ «Դավաճան Արփիկը», «Հյուսիսային արեւ», «Աշխեն եւ Սուրիկ»:

Ամփոփենք. գուսան Հավասու համար մթագնած գիշերն այդպես էլ վախճան չունեցավ, սակայն նա չհանձնվեց խավարին, այլ իր մեջ մնացած մի կաթիլ շողն արեւ դարձրեց ու տվեց մարդկանց, մեզ՝ այս աշխարհը տեսնողներիս, լուսաբացներ  դիմավորողներիս: Նա ապրեց իր ստեղծած մեկ ուրիշ՝ հեքիաթային աշխարհում, աշխարհն ու մարդկանց տեսավ իր հոգու աչքերով: Տեսավ այն, ինչ մենք դժվար թե տեսնենք անգամ խոշորացույցի օգնությամբ…

1978 թվական, փետրվարի 24. դասական աշուղի համար ընդհատվեց մշտական խավարը, եւ նա տեղափոխվեց իր համար նախատեսված մի վերին ոլորտ՝ դեպի հավերժություն, որտեղ իր երազած լույսն էր ու բաղձալի այգաբացը…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ 

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am