Ճանաչողական այցով Շիրակի մարզ է այցելել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին

Armenpress 14:55, 24 Փետրվար, 2022

ԳՅՈՒՄՐԻ,  24 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին փետրվարի 24-ին Ճանաչողական այցով եղել է Շիրակի մարզում։

Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը  նշել է, որ կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը։ «Վերջին 3 տարիներին հայ-ճապոնական բարեկամության սերտացումը եղել է իմ գործունեության առանցքային ուղղություններից։ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ հանդիսացել եմ հայ-ճապոնական բարեկամական խմբի անդամ, նոր գումարման ԱԺ-ում էլ՝ խմբի ղեկավար էի նշանակվել։ Լիահույս եմ՝ Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո էլ՝ արդեն գործադիրում, կկարողանամ նպաստել հայ-ճապոնական բարեկամության սերտացմանը։ Մենք պատրաստ ենք համագործակցության և ամեն ինչ կանենք փոխգործակցության ամրապնդման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել մարզպետին անմիջական ու ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախությամբ է այցելել Շիրակ․ «Առաջին անգամ եմ Գյումրիում, շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար և ինքս էլ կարևորում եմ ապակենտրոնացված համագործակցությունը, ուրախալի է տեսնել ձեր պատրաստակամությունը ևս։ Կարծում եմ՝ մինչ այժմ իրականացված ծրագրերին համատեղ ջանքերով նոր զարկ կտանք ու նոր գործնական ձեռնարկներ կլինեն»։

Շիրակի մարզպետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, ինչպես նաև հայ և ճապոնացի կանանց հարաբերությունների սերտացումը։

Կողմերն անդրադարձել են նաև մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության խորացմանը:

Այցի շրջանակներում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Գյումրու քաղաքապետի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am