1000х90.jpg (78 KB)

Ես եմ հիմա-մի պոետ, եւ իմ անունը-Չարենց… Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում…

Armenpress 10:41, 12 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարին Չարենցինն է. ընդամենը չորս տասնամյակ ապրած բանաստեղծը հոբելյար է՝ 125 տարեկան: Այդ առիթով, ինչպես տեղեկացվել է, ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ղեկավարությամբ: Նաիրյան երկրի բանաստեղծին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն թանգարաններում, դպրոցներում, բուհերում, մշակութային այլեւայլ օջախներում: «Հայաստանի Հանրապետություն» թերթի էջերում պարբերաբար կլինեն տարաբնույթ հրապարակումներ՝ նվիրված բանաստեղծին, նրա ողջակեզ կյանքին ու գործին:

Կարսեցի գորգավաճառ Աբգար աղայի որդին՝ Եղիշե Սողոմոնյանը, որ դպրոցահասակ տարիքում սիրում էր ձեռքի ճիպոտը պտտեցնելով՝ չարաճճիություններ անել դասընկեր աղջնակների հետ, խաղալ նրանց հոգիների հետ ու «չար» բառով պիտակվել: Ժամանակներ էին անցնելու, եւ նրա մասին խոսելու էին իբրեւ մեծանուն բանաստեղծի, ով իր հայտնությամբ խորհրդանշելու էր հայոց հանճարեղ գենի մի նոր բռնկումը՝ Եղիշե Չարենց պաշտելի անունով…

 

Ես եմ հիմա-մի պոետ, եւ իմ անունը-Չարենց,

Պիտի վառվի դարերում, պիտի լինի բարձր ու մեծ:

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական

Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող ապագան…

 

Այդպես են հանճարները՝ նրանք գերազանցապես գիտեն իրենց աստղի մեծությունը, իրենց ճառագած լույսի հզորությունը եւ պսակը անմահության: Նա, որ կամավորական զինվորի շինելը հագին, կռվել էր երկիր Նաիրիի ազատության համար, հայոց դժոխքի հատակը տեսել սեփական աչքերով, տեսել, թե ինչպես է սատանան դուրս եկել երկրի երես ու քրքջում մարդկանց վրա, բայց չխելագարվել, հրաշքով փրկվել մահվան երախից ու երկնել իր «Դանթեական առասպելը»՝ որպես մեր անբույժ վերքի՝ եղեռնին նվիրված գեղարվեստական առաջին կոթող:

Քանի որ նշեցինք բանաստեղծի՝ որպես կամավորական զինվորագրվելու մասին, ասվածը շարունակենք եւս մի քանի տողով. 1916-ին բանաստեղծը հեռանում է բանակից եւ գնում Թիֆլիս, այնտեղից՝ Կարս, հետո՝ Կարինե Քոթանջյանի հորդորով՝ Մոսկվա, որտեղ գրական կյանքը բուռն վերելք էր ապրում: Ճանապարհածախսը հոգում է հայրը՝ Աբգար աղան: Ահա ինչ է պատմում այդ մեկնումի մասին ինքը՝ խելագարված ամբոխների երգիչը. «Ուզում էի Մոսկվա գնալ: Հնարավորություն չկար: Աբգար աղան ու մայրս դեմ էին: Վերջը մայրս համոզվեց, բայց Աբգար աղան հակառակում էր: Այնուամենայնիվ, ելքը գտնվեց. չգիտեմ՝ մորս աղաչանքներն օգնեցին, թե Աբգար աղայի շահասիրությունը: Համաձայնվեցին, որ գնամ սովորելու եւ միաժամանակ Աբգար աղայի մոսկովյան գործակալը դառնամ՝ գորգավաճառության գծով:- Տո, ե՛ս… ու առեւտրական գործակալ… Ինչ արած, համաձայնվեցի: Աբգար աղան ռոճիկ նշանակեց, ճանապարհածախս տվեց: Էփեջա փող ընկավ ձեռքս…»:

1918 թ. հունիս-հուլիսին Չարենցը Կարմիր բանակի շարքերում Ցարիցինի մատույցներում մասնակցում է քաղաքացիական կռիվներին: Իսկ մինչ այդ թուրքական հարձակման պատճառով Կարսից փախչում է Աբգար աղայի ընտանիքը եւ հաստատվում Մայկոպ քաղաքում: Ինչեւէ: Բարեբախտություն է, որ այդ արյունոտ կռիվներում պատերազմի աստվածը խնայում է բանաստեղծին, այլապես հայ պոեզիայի ոսկյա թագից ի՛նչ մարգարիտներ էին պակասելու… Լսենք մեծերին. Մարտիրոս Սարյան. «Ի՞նչ կարող ես գրել հրաշքի մասին: Նաիրին ծնեց  Չարենցին: Պատռվեց հողը, կանաչ ծիլը բացեց աչքերն ու նայեց շուրջը: Ժայռակոփ պատկերներ եւ սեպագրեր տեսավ, տեսավ ծաղկազարդ մագաղաթներ եւ ձուլածո տաճարներ՝ բայց ծով արյան ու ծով ցավերի մեջ: Սիրտը մղկտաց: Բարձրացրեց գլուխը եւ տեսավ շողացող Արեւը: Հուսադրվեց: Շարժեց արմատները, զգաց, որ հիմքը բազալտ է: Թինդ առավ: Եվ իր բազալտե հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց: Բարձրացավ ժամանակի սամումը: Երկինքը սեւակնեց ու բոցավառվեց: Ու նա որոտաձայն կանչում էր Մհերին՝ փնտրելով Ագռավաքար տանող ճամփան… Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշվա՞ծ էր նրան ողջակիզվել իբրեւ տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն… Ո՞վ գիտե…»:

Ողջակիզման դատապարտված բանաստեղծին այսպես է բնութագրում բեմի աստված Վահրամ Փափազյանը, ով Ղարայի դերն էր խաղացել չարենցյան հայտնի «Կապկազ թամաշա» պամֆլետում. «Եղիշեն մեր նոր ժամանակների շեմքին եւ նույն այդ ժամանակներում ծնված մեծագույն բանաստեղծն է. ավելի, քան բանաստեղծ, տեսանողը այդ նոր ժամանակների, որի արգասիքը եղավ նա՝ իր խռովահույզ հոգով, արձագանքը՝ իր բոցաշունչ լեզվով ու պողպատաձույլ պատկերացումը՝ իր մտայնությամբ: Եղիշեն նրանցից էր, որ բացի իր ժամանակինը լինելուց, բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի եւ շոշափելի մարմնացումը եղավ: Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում…»:

Լսենք նաեւ չարենցյան ոգին մարմնավորող եւ նրա հանգույն Ագռավաքարի ճանապարհը որոնած Հրանտ Մաթեւոսյան հանճարին. «Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը եւ արքան, մարդու հայրենիքի այս հարատեւ կռվի ոչ մի պահը չուրացած եւ ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը…»:

Բայց միայն ո՞վ չի սքանչացել ու խոնարհվել չարենցյան Ոգու առաջ: Ո՞ր մի հայի շուրթերը չեն այրվել նրա «Ես իմ անուշ Հայաստանիի» կարոտաբաղձ համբույրից:

Հավերժի ճանապարհին հերթը եկող սերունդներինն է՝ չարենցյան ոգով խենթացած…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am