«Դասավանդի´ր, Հայաստան»-ը ձեռնարկում է բնագիտական առարկաների ուսուցիչների բացը լրացնելու քայլեր

Armenpress 18:25, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի դպրոցական համայնքների շուրջ 30%-ում չկան համապատասխան ուսուցիչներ, և այդ պատճառով չեն դասավանդվում մի շարք բնագիտամաթեմատիկական առարկաներ, որոնք գիտության զարգացման տեսակետից այսօր վայելում են առավել մեծ պահանջարկ ամբողջ աշխարհում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամից, խնդիրը կարգավորելու նպատակով կրթության լիազոր մարմինը հանդես է եկել մի շարք օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություններով, որոնք պահանջում են տարիների ներդրում և հետևողականություն։ Նույն համատեքստում, «Դասավանդիր, Հայաստան»-ը, որն ունի ֆորմալ կրթության բնագավառում ուսուցիչների վերապատրաստման և գործուղման մոտ տասնամյա փորձառություն, վերջերս հանրությանն ու ոլորտի փորձագետներին է ներկայացրել իր Tech4Armenia նախագիծը։ Այն համագործակցության է հրավիրում բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտի ընկերություններին, որոնք պատրաստ են ընկերության աշխատակիցներին հնարավորություն ընձեռել դասավանդելու Հայաստանի մարզերում և Արցախում՝ առցանց ձևաչափով, պահպանելով իրենց հիմնական աշխատանքը։

«Դասավանդիր, Հայաստան»-ը տրամադրում է ամսական ֆինանսական աջակցություն (ի հավելումն իրենց ընկերության կողմից տրամադրվող աշխատավարձի և դպրոցի աշխատավարձի) բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին՝ համայնքներում իրենց կացության ծախսերը հոգալու և մանկավարժական գործունեություն ծավալելու նպատակով։

«Հայաստանի զարգացման նախապայմաններից կարևորագույնը աշակերտների կարողությունների և հմտությունների զարգացումն է, և բոլորը համակարծիք են, որ երկրում առաջընթացի և դրական փոփոխությունների համար բարեփոխումները պետք է սկսել հենց դպրոցից, մինչդեռ դա անհնար է, քանի դեռ դպրոցներում բացակայում են համապատասխան կադրերը»,- ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Տաղանդների հայթայթման գծով տնօրեն Գոռ Նազարյանը։

Կրթական հիմնադրամից հայտնում են, որ այս նախաձեռնությունն արդեն իսկ հավանության է արժանացել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։ Ներկայումս բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ տարվում են ակտիվ աշխատանքներ նրանց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրում ներգրավելու համար։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am