Ազդարարվեց «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի մեկնարկը
ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մարտի 26-ին ազդարարվեց «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի մեկնարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արաբական Միացյալ Էմիրությունների և Զայեդ հիմնադրամի անմիջական աջակցությամբ, ինչպես նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Շիրակի մարզպետարանի համագործակցությամբ իրականացվող կրթական նոր ծրագրի շահառուները միայնակ մայրերն են:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ նախատեսվում է վերապատրաստման ծրագիր իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: «Նման ծրագրերով փորձում ենք լուծել զբաղվածության խնդիրը: Սա պիլոտային ծրագիր է և շահառուները լինելու են Շիրակի մարզից ու սահմանափակ թվով: Այն հաջողությամբ իրականացնելու ու արդյունավետությունը դիտարկելուց հետո, մենք կարող ենք քննարկել դրա ընդլայնման հնարավորությունը»,-ասաց նախարարը կարևորելով կանանց համար իրականացվող ծրագրերը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քսանմեկերորդ դարում բարձր տեխնոլոգիաները խիստ կարևոր նշանակություն ունեն՝ փորձում ենք հենց այդ ոլորտում լուծել կանանց և տղամարդկանց աշխատանքային հավասարությունը: Այս ծրագիրը հնարավորություն կտա ստանալ կրթություն, վերապատրաստվել և նոր տեխնոլոգիական գործիքների միջոցով կայուն զբաղվածություն ունենալ», - նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Հայաստանում ԱՄԷ դեսպանության հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին լրագրողներին տեղեկացրեց, որ ծրագիրը միտված է խթանելու կանանց զբաղվածությունը, կնոջ ներգրավվածությունը ՏՏ ոլորտում, ցանկալի աշխատանք գտնելու և նրանում կայանալու հարցում: «Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Զայեդ հիմնադրամի անմիջական աջակցությամբ: Մոտ քսան հազար ԱՄՆ դոլարի շրջանակում իրականացվող ծրագրի դասընթացները տևելու են վեց ամիս: Այս փուլի համար նախատեսվում է ներառել մոտ քսան շահառու»,-նշեց Հայաստանում ԱՄԷ դեսպանության հավատարմատարը:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը կարևորեց գործազրկության մեծ ցուցանիշ ունեցող Շիրակի մարզում նման ծրագիրը՝ նշելով, որ այն Հայաստանում ԱՄԷ դեսպանության ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ առաջին համագործակցությունը չէ: «Մենք ևս մեկ ծրագիր իրականացրել էինք անապահով ընտանիքների հետ, իսկ սա կանանց հզորացման ծրագիր է: Աղքատության հաղթահարման համար լավագույն գործոնը նրանց կարողությունների ու հմտությունների զարգացումն է: Լիահույս եմ, որ այս նախադեպը հնարավորություն կունենա շարունակական ծրագրի հիմք հանդիսանալու»,-նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: