1000х90.jpg (78 KB)

Սպիտակ կիտելով, լայնեզր գլխարկը ձեռքը, Ոսկե աստղը` կրծքին…

Armenpress 09:15, 29 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասում են` անփոխարինելի մարդ չկա, ես կասեի` մարդն անկրկնելի է, հատկապես` անհատականությունները, որոնց բացակայությունը միշտ էլ ցավոտ է զգացվում, որքան էլ փորձենք հարմարվել այդ բացակայությանը, որքան էլ փորձենք «փոխարինողներ» գտնել…

Կա՞ այսօր որեւէ մեկը, որ փոխարինի Պետրոս Ադամյանին, Սիրանույշին, Ազնիվ Հրաչյային, Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Արուս Ոսկանյանին, Գուրգեն Ջանիբեկյանին, Ավետ Ավետիսյանին, Արման Կոթիկյանին… Նրանք, որ մեծ էին, անգամ միմյա՛նց չէին կարող փոխարինել, ո՜ւր մնաց նրանց փոխարինեին, նրանց յուրահատուկ աշխարհը, որ` գումարվելով մեր ներաշխարհին, հարստացնում էր մեզ մի նոր աշխարհով, մեր մտածողությանը տալիս նոր որակ, ապրելու ուրույն չափանիշներ…

Ցավոք, այսօր նրանց տեղը թափուր է ոչ միայն բեմի վրա, այլեւ մեր առօրյա կյանքում. փոխվել են հասարակությունը, մարդը, բարոյական ընկալումները, մինչդեռ թատրոնն ու կինոն մարդու հետ զրուցող, մարդուն վեհացնող, կյանքը սրբագրող այն միջոցներն են, որոնց հանդեպ դիմադրություն չկա. հանդիսատեսը չի էլ ենթադրում, որ դահլիճում նստած` դաստիարակության ու կրթության դպրոց է անցնում, որ այն կատալիզատորի պես մաքրում է հոգում ու մտքում կուտակված նեգատիվը, լիցքաթափում բացասական էներգիան, ապրելու ու պայքարելու դրական եռանդ ներշնչում կամ` որպես ներկայիս պոպուլիստական շղարշի տակ, նենգափոխում դրական հույզերը…

Եվ կրկին պիտի ասեմ` ցավոք… Այսօր շատ քչերն են հիշում մեր մեծերին. նոր սերունդն անգամ շփոթվում է նրանց անունները լսելիս, անտարբեր թոթվում ուսերը, մինչդեռ ժամանակ կար, երբ հանդիսատեսը չէր տեսել ո՛չ Ադամյանին, ո՛չ Ազնիվ Հրաչյային, ո՛չ Սիրանույշին, նրանց, ովքեր բեմ էին բարձրացել փափազյանական սերնդից առաջ, սակայն հասարակությունն ապրում էր արվեստով ու նախանձախնդրորեն թերթում անցյալի էջերը, ապրում նրանով ու տեղափոխում ներկա` կառուցելով հոգու ու մտքի տունը բարձր սյուներով…

Մեր բեմի ու կինոյի անկրկնելի դեմքերից է եւ Ավետ Ավետիսյանը, ով վաստակել է ոչ միայն ՀԽՍՀ, այլեւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը, կոչում, որ չէր շռայլվում խորհրդային ժամանակներում եւ տրվում էր բացառիկ տաղանդներին, իսկ Ավետ Ավետիսյանի նման մոնումենտալ արտիստը ցանկացած բեմի պարծանքը կարող էր լինել։ Նրան շատ բան պետք չէր կերպար մատուցելու համար` քչախոս, ժլատ շարժումներով, պատի նման ինքն իրեն պարսպած, ծանրակշիռ կերպարանքով, ազդեցիկ հայացքով, հոնքերի խորամանկ ու դավադիր աղեղով իսկույն գրավում է հանդիսատեսի ուշադրությունը։ Նրա կերտած վաշխառուական, խարդավասեր, գոռոզամիտ կերպարները որքան էլ քամահրանքով, ոչնչացնող քրքիջով սպառնային դիմացինին, որն իրենից ցածր լիներ թեկուզ մեկ աստիճանով, իսկույն կարող էին կոտրվել անվրեպ հարվածից ու թավալ գալ նրա առջեւ, ում վայրկյան առաջ ծաղրում էր, կռանալ-գետնից խլել նետված փողի քսակն ու հենց ինքը դառնար ծաղրուծանակի առարկա (Զիմզիմով` «Պեպո», Ավետ աղա` «Սայաթ-Նովա»), իսկ Սաղաթելի համար («Պատվի համար») ո՛չ խիղճ գոյություն ուներ, ո՛չ բարեկամություն ու ընկերություն. նա թաքուն հաճույքով է հետեւում Էլիզբարովի ընտանեկան դրամային, որի մեջ անմասն չէ իր դերակատարությունը։ Ավետիսյանի կերտած կերպարները մեկը մյուսից վառ անհատականություններ են` միջավայրից տարբերվող կամ միջավայրի էությունը բացահայտող, այն ցցուն ու առավել դրամատիզացնող, որով էլ արտիստը նպաստում է նաեւ խաղընկերների կերտած կերպարների լուսաբանմանը։ Եթե Հրաչյա Ներսիսյանի, Վահրամ Փափազյանի կերտած կերպարներն են ցավ, դրամատիզմ ու ողբերգություն ապրում, ապա Ավետիսյանի կերպարներն իրենք են դառնում այլոց ցավ ու վշտերի պատճառ։ Հանդարտ, սեփական աշխարհն ստեղծած ու այդ աշխարհը միջավայրին անվրդով թելադրող` մինչեւ այլոց համար երգիծանքի ցանցն հյուսող ու նաեւ դրա մեջ ընկնող մոնումենտալ կերպարներն անմոռաց են գավազանին հենված, մատների մեջ թզբեհ խաղացնող, սոսկ մատների կույր հաշվապահությամբ քսակի պարունակությունը կշռող, ուրիշի ցավին հոնքաղեղի ասես գուհունակ ժպիտով արձագանքող, նաեւ շուրթերի նուրբ թրթիռով աշխարհի` մի կողմից հաստատությունն ապացուցող, մյուս կողմից` այդ աշխարհի խարխուլ հիմքերն ընդգծող առանձնահատուկ ոճով։

Ավետ Ավետիսյան մարդը, սակայն, իր կերտած հիշյալ կերպարների, ապրելաոճի հակադրությունն է. նրա անձը առավել ներդաշնակ է մի այլ կերպարի` սպիտակ կիտելով, լայնեզր գլխարկը ձեռքը, Ոսկե աստղը կրծքին, պատերազմի բովով անցած, շատ բան տեսած, լայնախոհ, բարի ու կամեցող կոլտնտեսության նախագահ Բուռնազյանին («Ինչո՞ւ է աղմկում գետը»)։

Ավետ Մարկոսի Ոսկանյանը (որ հետագայում, հավանաբար` բարեհնչունության համար ազգանունը փոխարինել է Ավետյանով կամ Ավետիսյանով) ծնվել է արհեստավորի ընտանիքում` 1897 թ. նոյեմբերին, Թիֆլիսում, սովորել Ներսիսյան դպրոցում, այդտեղ էլ բեմական առաջին քայլերն արել, աշխատել մանուֆակտուրայի խանութում` աշակերտ, իսկ 1916-ին` Առաջին համաշխարհայինի ժամանակ, զորակոչվել բանակ, պարգեւատրվել «Կովկասի պաշտպանության համար» մեդալով, ինչպես նաեւ բազմաթիվ աշխատանքային ու պատվո մեդալներով, ստացել բարձրագույն կոչումներ։ Ավետ Ավետիսյանի բեմական բուն գործունեությունն սկսվել է բանակից զորացրվելուց հետո. խաղացել է Բաքվում, Թիֆլիսում` Հովհաննես Աբելյանի, այնուհետեւ Ղարաքիլիսայում (Վանաձոր)` Համո Խարազյանի թատերախմբերում։ Ի վերջո, 1922 թ., Ավետ Ավետիսյանը տեղափոխվում է Երեւան, մասնակցում Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադրմանը եւ խարիսխ գցում այնտեղ՝ մինչեւ կյանքի վերջը հավատարիմ մնալով մայր թատրոնին, նկարահանվում բազմաթիվ ֆիլմերում։

Ավետ Ավետիսյանը վախճանվել է Երեւանում` 1971 թվականին. մարտի 29-ը նրա հիշատակի օրն է։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am