ԿԳՄՍ նախարար Դումանյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Armenpress 20:37, 30 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ հանդիպելու բուհի հոգաբարձուների խորհրդի անդամների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախարարը շնորհավորել է բուհի նորընտիր ռեկտոր Սրբուհի Գևորգյանին՝ վերջինիս մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ի շահ մանկավարժության: 

«Պետության համար չափազանց կարևոր է Մանկավարժական համալսարանը, որի հետ մենք մեծ հույսեր ենք կապում: Մենք նաև գիտակցում ենք, որ բուհում առկա են բազում խնդիրներ, որոնք համատեղ ուժերով քայլ առ քայլ պետք է լուծվեն»,- նշել է նախարարը: 

Ըստ աղբյուրի՝ Սրբուհի Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, վստահեցրել է, որ բուհը գիտակցում է իր պատասխանատվության տիրույթը և առաքելությունը՝ որակական գործընթաց կազմակերպելու և առկա մարտահրավերները լուծելու առումով. «Այս տարին բուհի համար հոբելյանական է. մեկդարյա պատմություն ունեցող բուհն այս տարի ունի հետևյալ կարգախոսը՝ «364 օր դպրոցում՝ ուսուցչի և աշակերտի հետ»»: 

Վահրամ Դումանյանը 80-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորել է նաև մանկավարժական ոլորտի երախտավոր, երկար և պատվաբեր ճանապարհ անցած ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին: 

«Ֆիզիկայի ոլորտում ունենալով լուրջ նվաճումներ՝ դեռ երիտասարդ տարիքից Էդուարդ Ղազարյանը մանկավարժությանը վերաբերել է որպես գիտություն, ինչպես ֆիզիկայի պարագայում: Ձեր փորձը, գիտելիքը և սերը մանկավարժության ոլորտի նկատմամբ այսօր մեզ շատ անհրաժեշտ են»,- շեշտել է նախարարը՝ Էդուարդ Ղազարյանին մաղթելով առողջություն: 

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ ակադեմիկոսը նշել է, որ ուսուցիչը, դասախոսն ու գիտնականը և առհասարակ մանկավարժական համայնքը համակ ուշադրության կարիք ունեն. «Կես դարից ավելի ես զբաղվել եմ մանկավարժությամբ. այսպիսի մի խորհուրդ կա՝ եթե ունես լավ ուսուցիչ, կունենաս նաև  լավ աշակերտ, ուսանող և գիտնական: Այսինքն՝ ամեն ինչի սկիզբը դրվում է դպրոցում, և պետք է վերականգնել ուսուցչի հեղինակությունը: Եվ այս առումով Մանկավարժական համալսարանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, որոնք, հուսով եմ, համատեղ ուժերով լուծում կգտնեն»: 

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ այնուհետև նախարար Վահրամ Դումանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ ՀՀ կառավարության ծրագրում «առյուծի բաժինը» վերաբերում է հենց կրթությանը: 

«Կառավարությունը և անձամբ վարչապետը խիստ կարևորում են կրթության ոլորտում իրականացվող գործընթացները և գիտության ոլորտում այն թռիչքային քայլերը, որոնք արդեն արվել են և շարունակվելու են: Սակայն, այս ամենը նաև պարտավորեցնող է ոլորտի համար՝ չափելի արդյունքներ արձանագրելու առումով»,-ընդգծել է նախարարը: Նա փաստել է՝ ուսուցիչը պետք է լինի հասարակության հարգանքը վայելող թիվ մեկ անձնավորությունը, և այս տեսանկյունից կարևորել է մանկավարժական կրթության բարեփոխման անհրաժեշտության հարցը: 

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության որակի բարձրացման, հավատարմագրման, պետական և ոչ պետական բուհերի միջև առողջ մրցակցային դաշտի ապահովման խնդիրները: 

«Իմ ընկալմամբ՝ բուհն իրավակազմակերպական ձև չէ, այն ավանդույթի պատմություն է: Եթե ստեղծենք լավագույն պայմաններով շենք, հագեցնենք լաբորատորիաներով և հրավիրենք աշխարհի լավագույն դասախոսներին, միևնույնն է, այն դեռ չի կոչվի բուհ, քանի դեռ չի տվել շրջանավարտներ և չի ձևավորել իր ավանդույթները: Իսկ Մանկավարժականն արդեն 100 տարեկան է, և այն ավանդույթ ունեցող բուհ է»,- նշել է Վահրամ Դումանյանը: 

Նշվում է, որ նախարարի ելույթից հետո ներկաները բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են մանկավարժական ամսագրերին, չափորոշիչներին, միասնական քննություններին, ուսուցիչների պակասին և այլ խնդիրների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am