1000х90.jpg (78 KB)

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը

Armenpress 19:26, 31 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվող՝ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ իր համար այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի: «Մենք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատուներս, հասկանալով այս ամենն ու գնահատելով նախարարության հնարավորությունը, դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, (ես այն ժամանակ զբաղեցնում էի նախարարի պաշտոնը), առաջարկեցի 2022 թվականին իրականություն դարձնել ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարին կայացրած որոշումը «ԱրմՀայԹեք 2022» ցուցահանդեսի կազմակերպման մասին: Մենք չէինք կարող կանխատեսել այն բոլոր դժվարություններն ու բարդությունները, որոնք ի հայտ էին գալու, սակայն ի պատիվ կազմակերպիչների՝ մեծ միջգերատեսչական խումբ էր աշխատում, այսօր այն իրականություն է դարձել»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը հնարավորություններ կստեղծի նոր համագործակցության, համատեղ ծրագրերի, ստեղծարար գաղափարների իրականացման համար:

«Այս հարթակը կնպաստի նաև մեր երկրի անվտանգության համակարգերի հզորացմանը՝ դրանով իսկ խթանելով տարածաշրջանում խաղաղ համատեղ գոյակցության, երկարաժամկետ խաղաղության հաստատման մեր գաղափարների իրականացումը»,- նշել է նախագահը:

Ըստ աղբյուրի՝ ցուցահանդեսի բացմանը ներկա Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կարևորել է նման ցուցահանդեսների անցկացումը: «Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս «ԱրմՀայԹեք» միջազգային ցուցահանդեսի կայացման առթիվ, և առաջին հերթին շնորհակալություն հայտնել այն ամբողջ կատարված աշխատանքի համար, որ կազմակերպիչները իրականացրել են և այսօր ունենք այս որակյալ կազմակերպված միջոցառումը, որն իսկապես հաջողված է»,- նշել է Աժ փոխխոսնակը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի աշխարհի տեխնոլոգիական քարտեզում հստակ դիրքավորվելու համար՝ դառնալու բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր:

«Սա, իհարկե, մեծ ջանքեր է պահանջում. համակարգված և համագործակցային աշխատանքային մոտեցում, ճիշտ թիրախավորված գործունեություն: Այս առումով «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսը ևս մեկ քայլ է նպատակին հասնելու համար՝ հանդիպելու ոլորտի ներկայացուցիչներին, ներկայացնելու ձեռքբերումները, ամրագրելու համագործակցության նոր շրջանակներ»,- ասել է Դավիթ Սահակյանը։

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունից հետո Հանրապետության նախագահն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մասնակիցների հետ, հետաքրքրվել նրանց ընթացիկ գործունեությամբ, զարգացման ծրագրերով:

Ցուցահանդեսը, որի ընթացքում հայկական և արտասահմանյան ավելի քան 50 ընկերություններ ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները, նպատակ ունի խթանել ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։ Ցուցահանդեսը հյուրընկալել է պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից, Իրաքից և Իրաքյան Քուրդիստանից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am