Ռազմական կցորդներն այցելել են N ավիաբազա. բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

Armenpress 21:59, 31 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդները մարտի 31-ին այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանը օտարերկրյա հյուրերին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:

Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին անգամ համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am