«Նոր գիրք»-10/22. Աղայան, Ցվայգ, Վանագա, Թալեր

Armenpress 09:44, 4 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ գրականություն
Ղազարոս Աղայան, «Անահիտ, Հազարան Բլբուլ, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ»

          

Ղազարոս Աղայանը համարվում է ինքնակենսագրական վեպի ժանրի հեղինակը հայ գրականության մեջ: Գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ: Նա նաև նշանավոր մանկավարժ է, հրապարակախոս և գրական-հասարակական գործիչ: Ղազարոս Աղայանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

 

Թարգմանական գրականություն
Ստեֆան Ցվայգ,  «Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր»

«Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր» ստեղծագործությունը ավստրիացի գրողի վերջին գիրքն է՝ ապրված կյանքի անդրադարձ, պատմական իրադարձություններով հարուստ ժամանակի խորքի վրա գծված ինքնակենսագրություն։ Այս գիրքը ներկայացնում է ժամանակաշրջանի վավերական պատկերը՝ պատմական անձերով և եղելություններով՝ դիտված մեծ գրողի քննական հայացքով, գիտական օբյեկտիվության հասնող մեկնությամբ։ «Երեկվա աշխարհը» յուրօրինակ հանրագիտարան է, որտեղ արտացոլված է Եվրոպայի կյանքը՝ իր բոլոր շերտերով։ Թարգմանությունն գերմաներենից` Ամալյա Ալեքսանյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

 

Մանկապատանեկան գրականություն
Ագնեսա Վանագա, «Էկոխուլիգանները. Ընկերը կորել է»

Հիշո՞ւմ եք Կլաուս և Ինտար եղբայրներին, որոնք ընկերացել էին պոլիէթիլենե տոպրակ Բարկատուրիկի հետ և միասին փորձում էին աղտոտումից փրկել աշխարհը։ Պատկերացրեք՝ նրանց ընկերը կորել է․․․ Ո՞ւր է անհետացել։ Արդյոք Բարկատուրիկը կգտնվի՞։ Տղաներն աշխարհը փրկելու է՞լ ինչ մտքեր ունեն։ Եվ կկարողանա՞ն արդյոք ավազակախմբի չար տղաների հարցերը լուծել։ «Նկատել պարզ երևույթները և պատմել դրանց մասին այնպես, որ հետաքրքիր լինի, քիչ բան չէ»: Լատվիերենից թարգմանությունը՝ Գոհար Ասլանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:

 

Փաստավավերագրական գրականություն
Ռիչարդ Հ. Թալեր, «Սխալ վարքագիծ»

 

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թալերն իր ողջ կարիերայի ընթացքում ուսումնասիրել է արմատական այն գաղափարը, որ տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող, կանխատեսելի մարդն է: «Սխալ վարքագիծը» կլանող, հետաքրքրաշարժ պատմություն է ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին: Անգլերենից թարգմանեց Նունե Գաբրիելյանը։ Խմբագիր՝ Վահագն Խաչատրյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am