Գեղարքունիքի մարզխորհրդի առաջին նիստն անդրադարձավ առաջնահերթ ու հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի

Armenpress 16:36, 8 Ապրիլ, 2022

ԳԱՎԱՌ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  օրակարգում ընդգրկված էր հրատապ ու առաջնահերթ նշանակության չորս հարց։

 «Գեղարքունիքի մարզի համայնքներում 2022 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը: Նա ներկայացրեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը եւ սպասվող արդյունքները։ Ըստ բանախոսի՝ բարձրորակ սերմացուների ներկրման ծրագիրը, թեև ձախողվել է արտաքին գործոնների պատճառով, այնուամենայնիվ, հաջողվել է ապահովել ցանքի  համար անհրաժեշտ սերմացուների պահանջարկը՝ օգտագործելով Հայաստանում սերմարտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ նախկին կապերը եւ համագործակցության հնարավորությունները։ Ինչ վերաբերում է մարզի տնտեսություններին սուբսիդավորման կարգով  ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի հատկացման խնդրին, արդեն մարզի համայնքներում գույքագրվել է պետության կողմից սուբսիդավորված պարարտանյութերի հատկացման պահանջարկը։ «Ըստ համայնքներից ստացված հայտերի՝ մարզի տնտեսություններում գարնանացան աշխատանքներ իրականացնելու համար ներկայացվել է 4049 տոննա ազոտական , 45,3 տոննա ֆոսֆորական եւ 39,2 տոննա կալիումական պարարտանյութի պահանջարկ։ Այժմ բանակցություններ են ընթանում մատակարարող ընկերությունների հետ, եւ շուտով կսկսվի պարարտանյութերի ներկրման եւ բաշխման գործընթացը։ Չնայած նախորդ տարվա եղանակային անբարենպաստ պայմաններին՝ մարզի տնտեսությունները կարողացան կատարել շուրջ 9367 հեկտար աշնանացան։ Իսկ այս գարնանը կանխատեսում ենք ավելի քան 24 հազար հեկտար գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանք։ Կարծում ենք, որ այս տարի, պայմանավորված աշխարհում սպասվող պարենային ճգնաժամով, մեզ մոտ կավելանան նաեւ կարտոֆիլի, հատիկընդեղենի, կաղամբի, բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքերը։ Եղած տեխնիկական միջոցները բավարար են՝ գարնանացանը ժամանակին ավարտի հասցնելու համար։ Մեր կողմից մարզի համայնքներում  ամենօրյա ռեժիմով գյուղատնտեսական խորհրդատվություններ անցկացնելու արդյունքում արդեն ի հայտ են եկել բազմաթիվ տնտեսություններ, ովքեր ցանկանում են դառնալ պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի շահառուներ»,-զեկուցեց Մարտին   Պետրոսյանը։

«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2022 թվականի 1-ին եռամսյակի արդյունքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը։  Նա նշեց, որ 2022 թվականի 1-ին եռամսյակի  արդյունքներով մարզի  կատարողական  ցուցանիշների  հավաքագրման  մակարդակը կազմում է  ընդամենը  73,7 տոկոս   կամ   պլանավորված   545 միլիոն 131 հազար 500  դրամի դիմաց  փաստացի   հավաքագրվել է  401 միլիոն  930 հազար 300 դրամ: Նախորդ  տարվա  նույն ժամանակաշրջանի  հետ համեմատած    արձանագրվել է  11,5 տոկոս  նվազեցում, կամ  պակաս է  հավաքագրվել   48 միլիոն  879 հազար դրամ, որը  գոհացուցիչ չի  կարելի  համարել։ «Ինչպես  ցույց են  տալիս  փաստերը՝  առանձին  համայնքներ  ոչ միայն  չեն  ապահովել  իրենց իսկ կողմից ստանձնված  պարտադիր լիազորությունների   լիարժեք  կատարումը,  այլ բացասաբար են  ազդել  մարզի  միջին ցուցանիշների  մակարդակի  ապահովման վրա:Մարզի միջինից  բարձր  ցուցանիշներ ապահովել են Ճամբարակ, Շողակաթ եւ  Մարտունի, մարզի միջինից ցածր ցուցանիշներ՝ Վարդենիս, Սեւան, Գավառ համայնքները: Հուսով ենք, որ երկրորդ եռամսյակի ընթացքում համայնքապետարանները կկարողանան շտկել իրավիճակը եւ ապահովել  ավելի բարձր ու գոհացուցիչ արդյունքներ»,-զեկուցեց Յուրա Մուշեղյանը։

 «ՀՀ Գեղարքունիքի մարզում 2022 թվականի ընթացքում  կանխատեսվող գարնանային հեղեղումների, սելավների, սողանքների, վթարային  կամուրջների փլուզման եւ հնարավոր քարաթափումների կանխարգելման, հետեւանքների նվազեցման ու վերացման միջոցառումների մասին» հարցի շուրջ զեկուցեց       Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ   հանրապետական գործադիր մարմինների հարցերով  վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ հաշվի առնելով գարնանային առատ տեղումներն ու եղանակային տաքացման կանխատեսումները, ինչպես նաեւ գետերի վարարումներին նախապատրաստվելու ու հնարավոր հեղեղումների վնասները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը, Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ ձեւավորվել է համապատասխան  հանձնաժողով՝ 2022 թվականի ընթացքում հնարավոր վտանգները կանխարգելելու համար։  «Մարզպետարանը համայնքների հետ արդեն իսկ որոշակի կանխարգելիչ աշխատանքներ է իրականացրել, գույքագրվել են համայնքների տարածքում գարնանային վարարումների առումով վտանգավոր հատվածները,վթարային կամուրջները։ Քարտեզագրվել է համայնքներում առկա քարաթափման եւ սողանքային վտանգ ներկայացնող տարածքները։ Ամենօրյա աշխատանքային կապ ենք պաշտպանում ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական  վարչության հետ»,-զեկուցեց Վանիկ Հարությունյանը։

«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2021 թվականին իրականացված եւ 2022 թվականին նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի գործընթացի մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի  մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը։ Նա նշեց, որ 2021 թվականին մարզի համայնքների կողմից մարզպետարանի միջոցով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել թվով 136 սուբվենցիոն ծրագրեր։ Ներկայացված ծրագրերից  միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է  115 ծրագիր, որոնց նախնական արժեքը կազմել է շուրջ 7 միլիարդ դրամ։ 2022 թվականի ապրիլի 8-ի դրությամբ ավարտված է 77 ծրագիր։ 31 ծրագիր գտնվում է ընթացքի մեջ, 5 ծրագիր տարբեր պատճառներով չի իրականացվել։

 «2021 թվականին իրականացված ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել  է    30,8 կիլոմետր ճանապարհներ եւ փողոցներ, կառուցվել է    93978 գծամետր  փողոցային լուսավորության ցանց, կառուցվել եւ վերանորոգվել է  49317 գծամետր խմելու ջրագծեր, ինչպես նաեւ՝ 30893 գծամետր ոռոգման ցանց, շարունակվել են Ծովասարի եւ Զոլաքարի մանկապարտեզների, Մեծ Մասրիկի մշակույթի տան նոր շենքերի կառուցման շինարարական աշխատանքները, հիմնանորոգման փուլում են թվով 6 մանկապարտեզի շենքեր։Աշխատանքները հիմնականում իրականացվում են հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, սակայն մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են որոշ թերություններ և անորակ աշխատանքներ։ 2019-2020-2021 թվականներին սկսած եւ չավարտված ծրագրերը տեղափոխվել են 2022 թվական եւ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։ 2022 թվականին մարզի 6 համայնքների կողմից մարզպետարան են ներկայացվել  58 ծրագրեր, որոնք իրենց մեջ ներառում են 233 օբյեկտներ։Ծրագրերի նախնական արժեքը կազմում է շուրջ 14 միլիարդ դրամ։ Ներկայացված բոլոր ծրագրերը հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Ներկայումս ընթացքի մեջ են համայնքների կողմից նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները»,-զեկուցեց Արմեն Զոհրաբյանը։

Հանդես գալով ամփոփիչ խոսքով՝ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ օրակարգային բոլոր հարցերն էլ առաջնահերթ ու հրատապ կարգավորման նշանակություն ունեն, ուստի պետք է մեկտեղվեն բոլոր ջանքերը՝ դրական արդյունքների հասնելու համար։

Խոսրով Խլղաթյան

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am