1000х90.jpg (78 KB)

«Ցեխը» կյանքի պատահականությունների և մարդկային հարաբերությունների մասին է. ռեժիսոր, սցենարիստ Վահան Գրիգորյան

Armenpress 14:03, 17 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն էր։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է հայկական արտադրության ֆիլմերի ցուցադրություն։ Ֆիլմերի ցանկում էր սկսնակ ռեժիսոր, սցենարիստ Վահան Գրիգորյանի «Ցեխը»  անդրանիկ կարճամետրաժը,  որի պրեմիերան էր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կատակերգական և դրամատիկ լուծումներով ֆիլմի գործողությունները ծավալվում են գյուղում։  Ֆիլմում գլխավոր հերոսի կինը՝ տեսնելով իր բացակայության ընթացքում  ամուսնու՝ գետնին  թողած  ցեխոտ ոտքերի հետքերն ու տուն մտած ճերմակ սագի փետուրները, կարծում է,  թե իրենց տուն հրեշտակ է մտել։ Զավեշտն իր զարգացումն է ստանում և ունենում անսպասելի ավարտ։ 

Ֆիլմ նկարելու երազանքն իրականություն դարձնելու, ֆիլմի ստեղծման գաղափարի և նկարահանումների ընթացքի մասին զրուցել ենք Վահան Գրիգորյանի հետ։

 

- Դուք չունեք մասնագիտական կրթություն։ Ի՞նչն է Ձեզ կապում կինոյի հետ և ինչպե՞ս որոշեցիք ֆիլմ նկարահանել։ 

- Կապս արվեստի հետ մանկությունից է գալիս։ Հայրս՝ Սուրեն Գրիգորյանը, երկար տարիներ եղել է Պատանի հանդիսատեսի թատրոնի փոխտնօրենը, այնուհետև տնօրենը, ես էլ սովորում էի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում և գրեթե ամեն օր դասերից հետո ոտքով գալիս էի թատրոն՝ հորս աշխատանքի վայր։ Թատրոնում արտոնյալ էի՝ շփվելու դերասանների հետ, դիտելու փորձերն ու գրեթե բոլոր  ներկայացումները (հեղ.՝ ծիծաղում է)։ Այդ տարիներն են երևի թե ազդեցություն ունեցել ֆիլմ նկարելու երազանքիս ձևավորման և իրականացման գործում։ Ստեղծագործական աշխատանքը միշտ իմն եմ համարել, բայց երբ մասնագիտություն էի ընտրում, կինոյի և թատրոնի ուղղությամբ գնալու միտք չկար։  Մասնագիտությամբ դիվանագետ եմ, ավարտել եմ ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, սակայն երբևէ մասնագիտությամբ չեմ աշխատել։ Բանակից հետո սովորեցի գրաֆիկ-դիզայն և երկար տարիներ ու հիմա էլ այդ բնագավառում եմ աշխատում։ Դա ինձ օգնեց ստեղծագործելու էներգիաս ուղղորդել այդ ոլորտ։  Դե, իհարկե, եթե կապեմ հիմնական մասնագիտությանս հետ, ապա երկրի մշակույթը ներկայացնելու համատեքստում կինոն էլ ոչ պակաս «դիվանագիտական» առաքելություն ունի։

Իսկ ֆիլմ նկարելու երազանքն ավելի ուշ հասունացավ ինձ մոտ և ամրապնդվեց, երբ 2016 թվականին մտքիս էկրանավորման առաջին փորձն արեցի՝ նկարահանելով Սրբուհի Սարգսյանի (Սրբուկի) կատարմամբ Գարիկ Պապոյանի «The Boat» ստեղծագործության տեսահոլովակը կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ։

 

- Իսկ ի՞նչպես ծնվեց «Ցեխ»-ի գաղափարը։

- Ֆիլմի գաղափարի ծնվելու օրը շատ լավ եմ հիշում։ Դերասան Հայկ Սարգսյանի ստուդիայում էինք,  աշխատանքային  հերթական օրվա ավարտից հետո, երբ նստած մտքերով էինք փոխանակվում, Հայկն ասաց՝ «պատկերացնում ես՝ մեկը տուն է մտնում ցեխոտ ոտքերով, հետք է թողնում, հետո հեռանում է, գալիս են տուն և տեսնելով հետքերը  մեկնաբանում են, որ սուրբ է տունը մտել»։ Ես միանգամից պատկերացրեցի, որ առաջին հայացքից ծիծաղելի, աբսուրդ իրավիճակը կարող է վերածվել ֆիլմի, ունենալ իր ընթացքն ու զարգացումը։ Աշխատեցի այդ գաղափարի վրա։ Ֆիլմ նկարելու երազանքս մի խումբ լավ ընկերների աջակցությամբ և ինձ վստահելու արդյունքում դարձավ նպատակ։ Միտքը ծնվեց, հետո սցենար դարձավ, հավաքվեց թիմ և դիմեցինք «Ազգային Կինոնկենտրոն» ֆինանսավորման նպատակով։ 

 

- Ի՞նչպիսի դժվարությունների բախվեցիք ֆիլմի իրականացման փուլում։ 

- Քանի որ ֆիլմի սցենար գրելու առաջին փորձս էր, ես մասնագիտական խորհրդատվության կարիք ունեի։ Կինոարտադրությունից անտեղյակ մարդկանց մոտ կարող է թյուր կարծիք լինել, որ եթե գաղափարը կա, արդեն սցենարն էլ է պատրաստ։ Չկա նման բան. սցենարը, որպեսզի դառնա էկրանավորելու պիտանի նյութ, առանձին լուրջ մասնագիտական հմտություններ է պահանջում։ Չգիտեմ ինչքանով դա ինձ մոտ ստացվեց, բայց փորձեցի ինքս հաղթահարել, իհարկե, սցենարի կայացման գործում ինձ շատ օգնեց սցենարիստ Ռուսլան Սաղաբալյանը, ում շատ շնորհակալ եմ։ 

Մինչ այդ գաղափարը ներկայացրել էի նաև իմ լավ ընկերոջը՝ կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանին, ում կողմից ևս գաղափարը հավանության էր արժանացել և նա ասել էր. «արի նկարենք» (հեղ.՝ ծիծաղում է)։  2019 թվականին որոշ տեխնիկական պատճառներով չկարողացանք դիմել Կինոկենտրոն, դիմեցինք 2020 թվականին։ Առաջին հայտը մերժվեց։ Չհանձնվեցինք, որոշակի փոփոխություններ կատարեցինք և դիմեցինք երկրորդ անգամ, և 2020 թվականի հուլիսի 23-ին ֆիլմի ֆինանսավորումը հաստատվեց և ստացանք դրամաշնորհը։ Պատրաստվում էինք նկարել աշնանը, բայց սկսվեց պատերազմը, և մեր նկարահանող կազմի տղաներից մի քանիսը առաջնագիծ գնացին, փառք Աստծո, ողջ և առողջ վերադարձան։ Արդեն ձմեռ էր,  և քանի որ սցենարով ձմեռ նախատեսված չէր, ֆիլմը նկահարնեցինք արդեն 2021-ի գարնանը, ի դեպ նկարահանման  առաջին օրը խորհրդանշական էր՝ ապրիլի 16-ն էր՝ Հայ կինոյի օրը։ Այդ ժամանակ էլ համավարակի  հերթական ալիքն էր, բայց դա էլ հաղթահարեցինք։ 

Նկարահանման ընթացքը շատ ավելի դժվար էր, քան ես պատկերացնում էի: Երևի թե մասնագիտական կրթությունն այստեղ ինձ կօգներ, որովհետև, բացի փորձից, շատ գիտելիքներ ու հմտություններ կրթությունն է տալիս։  Բայց իմ կողքին պրոֆեսիոնալ թիմ էր, որոնց  հետ համատեղ ջանքերով էլ կյանքի կոչեցինք  իմ առաջին ֆիլմը։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ֆիլմի բեմադրող օպերատոր Սուրեն Թադևոսյանին ու նկարիչ Տիգրան Առաքելյանին, որոնց ներդրումը շատ մեծ է եղել նախագծի իրականացման գործում և որոնց հետ միասին մշակվել է ֆիլմի նախապատրաստական ամբողջ ընթացքը։ Շնորհակալ եմ Կինոկենտրոնին ու  նկարահանող ողջ անձնակազմին ինձ վստահելու համար, որ իմ կողքին էին ու մինչև վերջ հավատացին գաղափարին։

Լավ ֆիլմ մտածելն ու լավ ֆիլմ նկարելը լրիվ տարբեր աշխատանքներ են, կարևոր է, որ լավ սցենարը էկրանավորման փուլում «չաղավաղվի»։ Հուսով եմ ինձ մոտ ստացվել է։ Այս ֆիլմն ինձ համար յուրօրինակ փորձառություն և կրթություն էր նաև։ Շատ հմտություններ ձեռք բերեցի, որոնք կկիրառեմ հետագա նախագծերումս։  Դիմել և դիմում ենք մի շարք փառատոնների, չգիտեմ ինչպիսին կլինի ֆիլմի փառատոնային կյանքը, բայց կարծում եմ՝ փորձելը կարևոր է. հաջողելու դեպքում նշաձող ես սահմանում, չհաջողելու դեպքում  հաղթանակի ձգտումն էլ ավելի է մեծանում։

 

- Ո՞րն է «Ցեխ»-ի սցենարի հիմքում ընկած գաղափարը։

- Ֆիմում գյուղական պատմություն է ներկայացվում, ի դեպ, նկարահանումներն իրակացվել են Դսեղում, բայց  թեման, որը շոշափվում է ֆիլմում, միայն գյուղական կյանքին չի վերաբերում։ Նմանատիպ համեմատություններ քաղաքային այլ պատմությունների հետ ևս հեշտ է տանելը։  Այդպիսի զավեշտներ լինում են ամենուր։ Հիմնական գաղափարը հետևյալն է, թե ինչպես է պահում իրեն մարդը, երբ  ընկնում է պատահականությունների շարունակական ծուղակի մեջ։  Նա տարբեր իրավիճակներում փորձում է  որևէ բացատրություն տալ, բայց, այդ բացատրություններին ի պատասխան, գալիս է հերթական պատահականությունը։ Ֆիլմում  փորձել եմ ցույց տալ, թե ինչպես կպահի իրեն ոչ միայն անհատը, այլև ինչպես է խումբը միակարծիք դառնում, ինչպես է մեկ մարդը խմբի դեմ դուրս գալիս։ Այդ նույն պատմության մեջ  բազմաթիվ շերտեր կան, որոնք բացատրում են մարդկային տարբեր փոխհարաբերություններ։ Փորձել եմ նաև որոշակի ուսուցողական և առակի տարրեր ներառել ֆիլմում։ Մնացած մեկնաբնություններն, իհարկե, դիտողինն են։

 

- Մեր իրականությունում հանրության ուշադրության կենտրոնում հիմնականում լիամետրաժ և կոմերցիոն ֆիլմերն են։ Ինչպե՞ս եք պատկերացնում կարճամետրաժ ֆիլմերի հանրայնացման ճանապարհը։   

- Լինի կարճամետրաժ, թե լիամետրաժ, կարևորը որակյալ ֆիլմ նկարելն է։ Իսկ դրա հանրայնացման լուծումներից եմ համարում, օրինակ, հեռուստատեսությամբ կամ կինոթատրոններում գովազդների փոխարեն կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը։ Կինոթատրոնները որպես բոնուս կարող են որևէ ֆիլմի ցուցադրությունից առաջ հաճախակի ցուցադրել կարճամետրաժ մեկ ֆիլմ։ Պետք է նաև միջազգային փորձը տեղայանցնել։ Դա կարծում եմ ճանապարհներից մեկն է՝ ծանոթանալու մեր կինոյին և իմանալու, թե առհասարակ ինչ է այս ոլորտում կատարվում։ Սոցիալական ցանցերն ու  թվային հարթակները ևս այսօր մեծ  դեր են կատարում և հնարավորություն  են տալիս հանրայնացնելու կարճամետրաժ ֆիլմերը։ Կարծում եմ՝ պարզապես պետք է խնդիրը ներառել օրակարգում և զբաղվել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am