1000х90.jpg (78 KB)

«Նոր գիրք»-12/22. Իսահակյան, Դովլաթով, Զվիրգզդինշ, Բիլզերյան

Armenpress 09:46, 18 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Ավետիք Իսահակյան, «Աբու-Լալա Մահարի, Լիլիթ»

Ավետիք Իսահակյանի՝ մեծ Վարպետի գրական ժառանգությունը ազգային հարստություններից է: Մեծ գրողի քնարական ստեղծագործությունները շատ հուզիչ են ու երաժշտական: Պատահական չէ, որ նրա շատ բանաստեղծությունների տեքստերով գրվել են բազմաթիվ ժողովրդական ու հեղինակային երգեր: Իսահակյանը բազմաժանր գրող է: Նրա երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային գրականության գանձարանում: Ավետիք Իսահակյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն
Սերգեյ Դովլաթով, «Զոնա»

«Զոնան» Սերգեյ Դովլաթովի առաջին վեպն է, որը, ճամբարային պահակախմբում զինվորական ծառայությունն անցած Դովլաթովը, ինչպես գրել է Իոսիֆ Բրոդսկին, բանակից բերել է իր հետ, ինչպես Տոլստոյը՝ «Սևաստոպլյան պատմվածքները» Ղրիմից: Թարգմանությունը՝ Լեոնիդ Զիլֆուղարյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն
Յուրիս Զվիրգզդինշ, «Have a nice day! Գրեթե սիրային պատմություն»

Դաումանտը սովորական, բայց և շատ յուրահատուկ տղա է, որի ծնողները մահացել են ավտովթարից։ Չորս տարի նրան ֆուտբոլի գնդակի նման մի բարեկամից մյուսի մոտ են ուղարկել։ Տղան սկզբում հատուկ դպրոց է հաճախել, ապա սովորական դպրոց տեղափոխվել, որտեղ, նրան սպասում էին տարբեր փորձություններ։ Այս պատմությունը առօրյայի, երբեմն նաև տխուր իրադարձությունների մասին է։ Ինչո՞ւ են Դաումանտին շրջապատում ամենակարողներ ու ճուտոներ, որոնք չեն զլանում օգտագործել իրենց յուրահատուկ բառապաշարի «մարգարիտները»։ Գիրքը նաև դեռահասների առաջին սիրո մասին է։ Լատվիերենից թարգմանությունը՝ Գոհար Ասլանյանի: Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Դեն Բիլզերյան, «Դրվածք»

Այս ինքնակենսագրականում աշխարհի ամենահայտնի սոցցանցային աստղը պատմում է, թե սովորական ամերիկահայ տղան ինչպես է համաշխարհային փառք ձեռք բերել։ Դենի կյանքն արտառոց է՝ սկսած ԱՄՆ բանակում ծառայությունից, պոկերում հաջողություններից մինչև զենքի հանդեպ սերն ու սեռական անհագուրդ կիրքը։ Դեն Բիլզերյանն անկեղծ ներկայացնում է իրեն շրջապատող մարդկանց ու երևույթները, բացահայտում պարզ ճշմարտություններ, որոնց մասին սովորաբար լռում են։ «Դրվածքը» պատմություն է խելահեղության հասնող զվարճամոլության, իրականություն դարձած անուրջների, վերելքներ խոստացող անկումների մասին։ Այն ներկայացնում է շքեղախենթ աշխարհը, որում ապրում է Դեն Բիլզերյանը։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am