ՀՀ և ՌԴ խորհրդարանականները այցելել են Վանաձորի ռուսական կենտրոն. նախատեսում է կենտրոններ բացել ՀՀ բոլոր մարզերում

Armenpress 12:57, 23 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի անդամներն այցելել են Վանաձորի ռուսական կենտրոն, որը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Դոմ Մոսկվի» կենտրոնից, Ռուսական կենտրոնում ներկայացված էր լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Կենտրոնի սաները հյուրերին ներկայացրեցին Վանաձորի պատմությունն ու կատարեցին երաժշտական ու պարային համարներ։

«ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը Վանաձորում էր 34-րդ նիստի շրջանակներում։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց կենտրոնի կրթական ծրագրերը՝ Հայաստանի տարբեր մարզերում գործող ռուսական կենտրոններն ու ռուսերենի անվճար դասընթացների նախագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«2019 թ․-ից մեր կենտրոնը  7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի անվճար ուսուցման ծրագիր է գործարկել Հայաստանի 28 քաղաքներում,  ինչպես նաև նախատեսում է ռուսական կենտրոններ բացել բոլոր մարզերում։  Նախագիծն ուղղված է ռուսաց լեզվի առաջխաղացմանը, Հայաստանում ռուսական մշակույթի տարածմանը  և երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Ըստ աղբյուրի՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը և  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարևորել են Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացումը՝ ռուսական կենտրոններին մաղթելով բեղմնավոր գործունեություն։

Պատվիրակության անդամները Վանաձորի ռուսական կենտրոնին են փոխանցել  գեղարվեստական գրականություն և ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացի մասնակիցներին հանձնել ավարտական վկայականներ։

«Դոմ Մոսկվի»-ն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն այս անգամ նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am