1000х90.jpg (78 KB)

Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ. Արցախի ԱԳՆ

Armenpress 10:47, 24 Ապրիլ, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 107 տարի հետևողականորեն ժխտելով հայոց ցեղասպանությունը և ջանալով չեզոքացնել միջազգային հանրության կողմից դրա ճանաչման ցանկացած փորձ՝ Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:

«Այսօր ողջ հայ ժողովուրդը և առհասարակ մարդասիրական գաղափարներ կրող բոլոր մարդիկ աշխարհի տարբեր մասերում ոգեկոչում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 107 տարի առաջ՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում ծրագրվեց և իրագործվեց 1,5 մլն հայերի ցեղասպանություն։ Հարյուր հազարավոր հայեր տարագիր դարձան՝ հաստատվելով տարբեր երկրներում և այդպիսով ձևավորելով հայկական մեծաթիվ Սփյուռք։ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ընթացքում պետական մակարդակով իրականացված առաջին ցեղասպանությունն էր։ Այնուհետև Թուրքիան իրականացրեց նաև հույների, ասորիների, եզդիների, քրդերի ցեղասպանություններ և բռնի տեղահանություններ, ինչի հետևանքով զոհվեցին միլիոնավոր անմեղ մարդիկ։ Միջազգային հանրության ոչ պատշաճ և ուշացած գնահատականներն, ըստ էության, նոր ոճիրներ իրականացնելու քարտ-բլանշ դարձան ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ուրիշ պետությունների համար։ Դրանից օգտվեցին նացիստները, բռնապետական և ազգայնամոլական ռեժիմները՝ իրականացնելով նորանոր ցեղասպանություններ, կոտորածներ և բռնություններ։ 107 տարի հետևողականորեն ժխտելով հայոց ցեղասպանությունը և ջանալով չեզոքացնել միջազգային հանրության կողմից դրա ճանաչման ցանկացած փորձ՝ Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ։ 1988 թվականից ցայսօր հայ ժողովուրդը բազմիցս առերեսվել է ցեղասպան քաղաքականության դրսևորումների․ հայ ազգաբնակչության ջարդերը և զանգվածային սպանությունները Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, 2016 և 2020 թթ․Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան մարդատյացության վառ օրինակներ են։ Մեծ եղեռնը չսպիացող վերք է մեզ համար։ Այն նաև քաղաքական, իրավական և բարոյական խարան է միջազգային հանրության վրա, որը կարելի է ջնջել միայն Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման միջոցով»,-նշված է Արցախի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am