Հայտնի են «Դիջիկոդ- 2022» ծրագրավորման մրցույթի հանրապետական փուլի հաղթողները

Armenpress 18:04, 25 Ապրիլ, 2022

ԳԱՎԱՌ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մանուկյան սրահում տեղի ունեցավ «DigiCode» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հանրապետական փուլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության հանրային կապերի պատասխանատու Աննա Դանիելյանը,  մրցույթին մասնակցեցին 72 պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Արցախից, ինչպես նաեւ Ջավախքից եւ Հնդկաստանից։ Ողջույնի խոսքով հանդես եկան ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը, մրցույթի հովանավոր ընկերությունների ներկայացուցիչներ։

«Այս տարի «Դիջիկոդ» մրցույթն իրականացվել է նաեւ մարզային փուլերով, ՀՀ հինգ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Իջեւանում, Գորիսում եւ Երեւանում։ Մասնակցության հայտ են ներկայացրել 942 թիմ (1000-ից ավել աշակերտ) ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում՝ Արցախի, Ջավախքի ընդհանուր թվով 400 դպրոցներից։ Եզրափակիչ փուլում իրենց աշխատանքները ներկայացրել են 60 թիմեր (72 աշակերտ)։ Մասնակիցները մրցել են 10-13 տարեկան եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերով՝ «Վիրտուալ աշխատանոցներ` STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր», «Լավագույն ալգորիթմական լուծում» Կրիայ ծրագրով օլիմպիադա եւ «Սարքերի ինտեգրում» անվանակարգերում։ Մրցույթում ներկայացված աշխատանքներն իրականացվել են Աղուէս (Scratch), Կրիայ (KTurtle) ծրագրերով եւ Python ծրագրավորման լեզվով։ «Վիրտուլ աշխատանոց» անվանակարգում հաղթեցին Մանե Հարությունյանն ու Էդուարդ Հարությունյանը՝ Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցից՝ «Բացահայտենք Ֆիզիկան միասին» խաղով (10-13 տարեկան) եւ Հովիկ Մարտիրոսյանը՝ Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից՝ STEM Lab խաղով (13 տարեկանից բարձր)։ «Համակարգչային խաղեր» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Մարիա Նգոյանը՝ Դիլիջանի ավագ դպրոցից՝ Black Platformer խաղով (10-13 տարեկան) եւ Անուշ Հակոբյանն ու Գայանե Բաղդասարյանը՝ Էջմիածնի ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից՝ «Կորած կղզին» խաղով (13 տարեկանից բարձր)։ «Pythօn ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգում 10-13 տարեկան տարիքային խմբում ունեցանք երկու հաղթող՝ Արթուր Մկրտիչյանը՝ Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցից՝ «Սննդի խելացի ապարատ» նախագծով եւ Ավետ Դունամալյանն ու Հովհաննես Կարապետյանը՝ Շենավանի հիմնական դպրոցից՝ «Hawk Hunters» նախագծով։ Նույն անվանակարգում 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող են ճանաչվել Թորգոմ Միսակյանն ու Ատոմ Հակոբյանը՝ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցից՝ «Smart Aquarium» նախագծով։ Մարզային փուլը հաղթահարած բոլոր մասնակիցները ստացան հատուկ մրցանակ՝ տեխնոլոգիական եւ կրթական շրջայցերի տեսքով, իսկ ամեն անվանակարգում հաղթող ճանաչված թիմերը ստացան շնորհակալագրեր ԿԳՄՍ եւ մրցույթի կողմից, ինչպես նաեւ «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարի, շրջայցերի ուղեգրեր եւ դրամական պարգեւներ։ Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի իրականացվում է արդեն 7-րդ անգամ՝ սկսած 2015 թվականից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ) կողմից։ Այս ընթացքում մրցույթին մասնակցել են շուրջ 3500 դպրոցականներ, որոնցից 50-ից ավելի թիմեր հաղթել են, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգևատրումներ եւ տարբեր տեսակի խրախուսումներ։ Մրցույթի հիմնական նպատակն է՝ խրախուսել եւ զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին եւ հնարավորություն տալ՝ զարգացնելու ստեղծագործական ունակությունները:

Մրցույթի հովանավորներն են ՀՀ  ԿԳՄՍ նախարարությունը, «Vxsoft» եւ  «Apaga Technologies» ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը»,-ներկայացրեց Աննա Դանիելյանը։

Խոսրով Խլղաթյան

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am