1000х90.jpg (78 KB)

Ընդդիմությունը շարունակում է իրազեկման ակցիաները․տարբեր ուժեր առանձին գործողություններ են իրականացրել

Armenpress 20:47, 27 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը ապրիլի 27-ին ևս  հանրապետության տարբեր հատվածներում շարունակել են ակցիաները և իրազեկման երթերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, վաղ առավոտից ՀՀԿ երիտթևի անդամները պաստառներով բարձրացել են Ազգային ժողովի շենքի դիմացի աստիճաններին` արտահայտելով իրենց պահանջները։

Երևանի կենտրոնում մի խումբ քաղաքացիներ Արցախի և Հայաստանի դրոշներով շրջել են փողոցներով և կոչ են արել ուսանողներին միանալ պայքարին:

Իշխանության քայլերի հետ անհամաձայնության գործողությունների վերաբերյալ իրազեկման ակցիաների հետ մեկտեղ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության քաղաքական ուժերը, նաև քայլերթներ են անում տարբեր մարզերից դեպի Երևան:

Տիգրանաշենից դեպի Երևան քայլերթ իրականացնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ խոստանում են մայիսի 1-ին անպայման ներկա գտնվել Երևանում՝ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Կեսօրին արդեն «Ազատագրական շարժման» ներկայացուցիչները Կառավարության շենքի մոտ անցկացրել են հակագազերով բողոքի ակցիա: Ակցիայի ընթացքում 11 քաղաքացի բերման են ենթարկվել:

«5165 շարժման» անդամները ևս շարունակում են իրազեկման ակցիաները Երևանի տարբեր մասերում։ «Համախմբվենք հանուն Հայաստանի և Արցախի» և այլ պաստառներով շարժման անդամները քաղաքացիներին կոչ են արել անտարբերություն չցուցաբերել այս օրհասական վիճակում։

Օրվա ընթացքում ընդդիմությունը նաև Երևանի տարբեր հատվածներում իրազեկման ակցիա էր անցկացնում` փակելով փողոցները: Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման էր ենթարկվել 52 անձ: Մի խումբ քաղաքացիներ նաև փորձել են խաթարել Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը, սակայն ոստիկանության ծառայողների միջնորդությամբ այն շուտով վերականգնվել է:

Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները ևս ակցիա են իրականացրել:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որն ապրիլի 17-ից Ազատության հրապարակում նստացույց է անցկացնում, հայտարարել էր, որ իրենց պայքարի վճռական փուլին չեն անցել և ամեն ինչ դեռ առջևում է:

Ըստ «Հայրենիք» կուսակցության նախագահի` առաջիկայում մեկնարկելու է պայքարի հաջորդ փուլը և հենց այդ փուլում ներկայացնելու են իրենց ծրագրերը և անելիքները:

Երեկոյան «Հայաստան» դաշինքը երթ անցկացրեց Գարեգին Նժդեհի հրապարակից։

 «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ իր աջակիցների հետ է քայլերթ է անում Երևանի կենտրոնով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am