1000х90.jpg (78 KB)

Հրատապորեն անհրաժեշտ է իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այց ԼՂ.ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու վերաբերյալ

Armenpress 16:01, 30 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը խստորեն դատապարտում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողությունները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելուն և ինքնությունը կեղծելուն, Ադրբեջանի՝ էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է և Արցախն առանց հայերի ու հայկական հետքի թողնելու հետևողական քաղաքականության շարունակությունը:

Արցախում հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների դեմ վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը:

Նշյալ դեպքը ևս մեկ անգամ վերահաստատվում է հայկական կողմի պնդումներն առ այն, որ հրատապորեն անհրաժեշտ է իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am