1000х90.jpg (78 KB)

Podcast. ԱՄՆ ՄԶԳ «ՀաՄաՏեղ» ծրագիրը գործունեության 7 տարիների ընթացքում ՀՀ համայնքներում ձևավորել է նոր մշակույթ

Armenpress 10:59, 3 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «ՀաՄաՏեղ» ծրագիրն ու գործընկերներն արդեն 7 տարի է նպաստում  են տեղական ինքնակառավարման և վարչատարածքային բարեփոխումներում հանրային մասնակցության ուժեղացմանը և քաղաքացիական հասարակության դերի ամրապնդմանը: Նախագիծը երկխոսության հարթակ է եղել կառավարության և համայնքների բնակիչների միջև:

«Արմենպրես»-Փոդքաստում  խոսել ենք Հայաստանում «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարման ՝ (ՀաՄաՏեղ)» ծրագրի գործունեության 7 տարիների ընթացքում իրականացրած կարևոր առաքելության մասին:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության մասնագետ  Արթուր Դրամփյանը նշեց, որ  նախագիծը մեկնարկել է 2014 թվականին և այս 7.5 տարիների ընթացքում  իրականացվել են այն բոլոր  խնդիրները, որոնք  ի սկզբանե  դրված էին նախագծի առջև,  և դեռ մի բան էլ ավել, որովհետև 2018 թվականին գործակալությունը լրացուցիչ խնդիրներ է դրել ծրագիրն իրականացնողների առջև:

««ՀաՄաՏեղ»  հապավումը, ըստ էության, շատ ճիշտ արտահայտում է ծրագրի բնույթը, համատեղ էր, որովհետև իրականացվում էր նախ 6 տեղական հասարակական կազմակերպությունների համընկերության միջոցով, համատեղ էր, որովհետև իրականացվում էր համայնքների հետ, կառավարության հետ՝ ի դեմս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, և այս համագործակցության մեջ մենք կարողացանք արձանագրել բավականին շոշափելի արդյունքներ»,-ասաց մասնագետը:

Նրա խոսքով՝ երբ 2014 թվականին խոսվում էր այն մասին, որ երկրում պետք է տեղի ունենան վարչատարածքային բարեփոխումներ, անհրաժեշտություն առաջացավ համայնքներում  ստեղծել երկխոսության  հարթակներ: Հասարակությանը բացատրել, թե ի՞նչ են իրենից ներկայացնելու  այդ բարեփոխումները և  մարդկանց հնարավորություն տալ արտահայտվել, իրենց կարծիքը հայտնել, թե իրենց համայնքները ինչպե՞ս պետք է միավորվեն, ու՞մ հետ միավորվեն, այդ միավորումները ի՞նչ ռիսկեր են պարունակում և ի՞նչ օգուտներ են սպասվում:  

«Ասեմ, որ  բաց և պարզ զրույցը բոլոր հարցերի շուրջ շատ անհրաժեշտ էր: Կային մի շարք հարցեր, մտավախություններ, և պետք էր հնարավորություն տալ համայնքների բնակիչներին  բաց երկխոսության մեջ մտնել  իրար հետ, համայնքային ղեկավարության հետ, կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ, հավաքագրել այդ բոլոր կարծիքները և ներկայացնել որոշում կայացնողներին, որպեսզի նրանք կարողանային համապատասխան ձևով նախագծել այդ բարեփոխումները և իրականացնել այդ միավորումն այնպես, որ  ռիսկերը նվազեին, իսկ օգուտները հասցվեին առավելագույնի»,-ասաց Դրամփյանը:

Մասնագետը կարևորեց, որ առաջնային նշանակություն ուներ ծրագրում երիտասարդների ներգրավումը: 2014 թվականին ԱՄՆ ՄԶԳ նախորդ ծրագրերով արդեն ստեղծվել էր 4 «Ինֆոտուն»: Ինֆոտունը ռեսուրս կենտրոն է, որտեղ երիտասարդները  հավաքվում էին, քննարկում էին համայնքային կարևորության հարցեր, սովորում էին  մեդիագրագիտություն, քաղաքացիական լրագրություն, ֆիլմեր էին դիտում, քննարկում և ամենակարևորը սովորում  էին կամավորության հիմքերը: Եվ «ՀաՄաՏեղ» ծրագրի 7 տարիների  ընթացքում բացվել է ևս 6 «Ինֆոտուն»: Այժմ յուրաքանչյուր մարզում գործում է մեկ ինֆոտուն, որոնք ներգրավում են երիտասարդներին և քաղաքացիական հասարակությանը համայնքին անհանգստացնող հարցերի լուծման գործընթացում: Ծրագիրը ավարտվել է, բայց «Ինֆոտները» շարունակելու են աշխատել, իրազեկել և ներգրավել երիտասարդներին:

Անդրադառնալով ծրագրի շատ կարևոր նախաձեռնություններից մեկին՝ «Տեղական ժողովրդավարության դպրոց (School of Local Democracy)»-ին, մասնագետը մանրամասնեց, որ  այն շենք չէ, դպրոց չէ, այն շարժական է և տեղափոխվում է մարզից մարզ. իրենք հիմնականում մարզերում են աշխատում։ Ծրագրում ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերը։ Դասընթացը շատ մեծ հնարավորություն է ստեղծում, քանի որ ավարտելուց հետո երիտասարդները կարող են ծրագրեր ներկայացնել և դրանք իրականացնել իրենց համայնքներում։ Այն նաև լավ հարթակ է երիտասարդների համար՝ իրար հետ ծանոթանալու, շփվելու և, ինչու չէ, նաև համագործակցելու համար։ Դպրոցում մասնակիցները ձեռք են բերում առաջնորդության հմտություններ, սովորում են մարդու իրավունքներ, ի՞նչ է նշանակում համայնքային աշխատանք , ինչպե՞ս են աշխատում տեղական ինքնակառավարման մարմինները, ի՞նչ ձևեր, մեթոդներ կան մասնակցելու ավագանու նիստերին  և ինչպե՞ս համայնքում մոբիլիզացնել հնարավորինս շատ երիտասարդների։  «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ը նույնպես «ՀաՄաՏեղ»  ծրագրի ժառանգությունն է, որը որպես կառույց գրանցվել է, այժմ հիմնադրամ է, որը շարունակելու է աշխատել:

«Կուզեի նշել, որ այս 7 տարիների ընթացքում ձեռքբերումները այնքան շատ են, որ դժվար է անդրադառնալ բոլորին, բայց կարծում եմ, որ «ՀաՄաՏեղ»  ծրագիրը թողել է բավականին լուրջ ժառանգություն: Եվ վստահ կարող եմ  ասել, որ այս ծրագրերը մեր համայնքներում ձևավորեցին նոր մշակույթ: Այսինքն, համայնքներում ապրող բնակիչները և հատկապես երիտասարդները հասկացան և հավատացին, որ հնարավոր է ներգրավվել համայնքային խնդիրների լուծմանը, հստակ պահանջներ ներկայացնել և իրականացնել մի շարք բարեփոխումներ իրենց համայնքում»,- եզրափակեց Արթուր Դրամփյանը:

Իրենց փորձով, գործունեությամբ և իրենց համայնքներում իրականացրած մի շարք կարևոր քայլերի մասին կոնկրետ օրինակներով կիսվեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «ՀաՄաՏեղ»  ծրագրի շահառուներ Նարեկ Օհանյանը և Վարդուհի Բարսեղյանը:

Իսկ, թե ինչ արդյունքներ են գրանցել երիտասարդները իրենց համայնքներում առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:  

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am