1000х90.jpg (78 KB)

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է գյուղատնտեսական ԱԹՍ- ների ուսումնական լաբորատորիա

Armenpress 18:27, 6 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մայիսի 6-ին  տեղի է ունեցել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  փոխնախարարը կարևորել է նմանօրինակ լաբորատորիաների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը տնտեսության զարգացման գործում:

«Ողջունելի է, որ Ագրարային համալսարանում լաբորատորիաների հիմնման գործընթացները շարունակական բնույթ են կրում: Լաբորատորիաներն ու կենտրոնները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կրթության, այլև գյուղատնտեսության ոլորտի փորձագիտական և հետազոտական ուղղությունները զարգացնելու համար: Գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ընդունված և բավականին արդյունավետ մեթոդ է ամբողջ աշխարհում: Կարծում եմ՝ կրթության նորարարության, ինչպես նաև արտադրական և հետազոտական նպատակներով նմանաբնույթ կենտրոնների ու լաբորատորիաների բացումը բարձրացնում է ագրարային կրթության և համալսարանի հանդեպ գրավչությունը: Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում մենք պետք է կարողանանք ճիշտ և արդյունավետ կիրառել գիտելիքները՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը»,- նշել է Կարեն Թռչունյանը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և մասնավորապես ԿԳՄՍՆ-ին՝ համալսարանի նախագծերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանության Տեխնիկական համագործակցության համակարգող Կլաուս Կեպերը, «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվի գլխավոր տնօրեն Արմեն Գաբրիելյանը։

«Այս միջոցառումն իսկապես շատ կարևոր է: Գյուղատնտեսությունը նորարարական ոլորտ է համարվում, ուստի պետք է շարունակել զարգացնել այն, քանի որ սննդի անվտանգությունն այսօր առաջնահերթություն է բոլորի համար: ԵՄ-ն գյուղատնտեսության ու զարգացման ոլորտի առաջամարտիկներից է: Մեր նպատակն է աջակցել գյուղատնտեսներին՝ ստանալու կանաչ գյուղատնտեսություն՝ ներգրավելով նաև կրթության ոլորտը: Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը դրական արդյունք է տվել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն շարունակական է լինելու»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նշվում է, լաբորատորիան ստեղծվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Լաբորատորիայի կահավորմանն աջակցել է «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը։

Ագրոդրոնների լաբորատորիան համալսարանի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և դասախոսների կողմից օգտագործվելու է ուսումնահետազոտական նպատակներով: Դրա հնարավորություններից օգտվելու են նաև  ֆերմերները և մասնագետները: Կենտրոնն իրականացնելու է նաև խորհրդատվական ծառայություն։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունից հետո փոխնախարար Կարեն Թռչունյանն այցելել է նաև համալսարանում գործող այլ լաբորատորիաներ ու կենտրոններ, մասնավորապես, մասնակցել է Ճարտարագիտական նախագծերի մոդելավորման սենյակի բացման արարողությանը, ծանոթացել Տվյալագիտության ամբիոնի կազմում գործող գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային լաբորատորիաների աշխատանքներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am