Արցախի նախագահն ընդունել է Հադրութի շրջվարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների

Armenpress 20:47, 6 Մայիս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանի վարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների, որոնք ստեղծված իրավիճակում շարունակում են կատարել իրենց գործառույթները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, քննարկվել են ԱՀ բռնազավթված բնակավայրերից տեղահանված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց լուծմանը միտված պետական ծրագրերը:

«Հատուկ անդրադարձ է կատարվել 2020 թվականից առ այսօր տեղահանված պետական հիմնարկների պահպանման համար պետական բյուջեից հատկացվող գումարների և դրանց տրամադրման նպատակների վերանայման անհրաժեշտությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ տեղահանված տարբեր պետական կառույցներում հաստիքների սպասվող կրճատումների նպատակը ոչ թե ֆինանսական միջոցների խնայողությունն է, այլ՝ սոցիալական արդարության և զբաղվածության խթանման սկզբունքների պահպանումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հանդիպման նպատակներից մեկն էլ այդ որոշումների վերաբերյալ շահագրգիռ քննարկումների կազմակերպումն է, որպեսզի որևէ հարց ուշադրությունից դուրս չմնա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, անդրադառնալով տեղահանված բնակիչների բնակվարձերի վճարման գործող քաղաքականությանը, Արայիկ Հարությունյանը հանձնարարել է այն վերանայել՝ դարձնելով ավելի արդյունավետ ու հասցեական: Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվել են որոշակի մոտեցումներ, որոնց մշակման ու վերջնականացման արդյունքում, Արցախի նախագահի հանձնարարությամբ, էական փոփոխություններ են կատարվելու եղած ծրագրերում:

Ըստ աղբյուրի՝ խոսելով բնակարաններով ապահովելու պետական ծրագրի մասին՝ նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ այն ընթանում է ամբողջ ծավալով և հնարավորինս ողջամիտ ժամկետներում տեղահանված քաղաքացիները, այդ թվում՝ Հադրութի շրջանի բնակիչները ապահովված կլինեն բնակարաններով:

Հանդիպման վերջում երկրի ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ մարմիններին սեղմ ժամկետներում գործնական առաջարկություններ ներկայացնել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ՝ հաշվի առնելով բարձրացված կարիքներն ու խնդիրները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am