1000х90.jpg (78 KB)

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հոգևոր համերգով հանդես եկավ Գյումրու Սբ Աստվածածին եկեղեցում

Armenpress 21:44, 8 Մայիս, 2022

ԳՅՈՒՄՐԻ,  8 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Սբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում մայիսի 8-ին տեղի ունեցավ հոգևոր համերգ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ. երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյան:

«Արմենպրես»-ի թղթակիցի հետ ունեցած զրույցի ժամանակ երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը նշեց, որ մաեստրոն միշտ է ցանկություն հայտնել ելույթ ունենալ հայաստանյան եկեղեցիներում: «Եվ քանի որ մաեստորն Գյումրու ոչ մի եկեղեցում համերգ չէր տվել, մեծ ցանկություն ուներ Գյումրիում՝ հատկապես Յոթ Վերքում համերգ տալու ու թեմակալ առաջնորդի հետ խոսելուց ու նրա կողմից մեծ աջակցություն ստանալուց հետո համերգն իրականացավ: Նշեմ, որ համերգը դեռ անցած տարի էինք ծրագրել, բայց տեխնիկական պատճառներով տեղափոխվեց այս տարի»,- նշեց երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը՝   հավելելով, որ նպատակ կա ինչպես Շիրակի թեմի մեկ այլ, այնպես էլ Հայ Առաքելական եկեղեցու այլ թեմերի եկեղեցիներում համերգով հանդես գալու:

Նշենք, որ Սբ Աստվածածին եկեղեցում հնչեցին հոգևոր երգեր՝ Կոմիտաս, Երկմալյան, ինչպես նաև արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ:

Համերգի ավարտին  ունկնդիրները երկարատև ծափերով ողջունեցին երգչախմբին և դրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին: «Կարծում եմ՝ մեր Սբ Յոթվերքի Սբ Տիրամայրն իր զավակներին կների այս ծափահարությունների համար՝ եկեղեցում ընդհանրապես չեն ծափահարում, բայց բացառությունները միշտ հարգելի են՝ հատկապես ազգային հերոս պարոն Չեքիջյանի համար,  ով արդեն քանի տասնամյակ մեր հոգևոր երգը բարձրացնում է աշխարհի չորս կողմերում: Վազգեն Վեհափառը մեկ անգամ՝ այսպիսի մի համերգից հետո, գոչեց՝ ի՜նչ լավ է , որ քրիստոնյա ենք: Այսօր էլ մենք ենք ասում՝ ի՜նչ լավ է, որ քրիստոնյա ենք, որովհետև ոչ միայն մեր մշակույթին ունկնդիր դարձանք, այլ նաև մյուս ազգերի մեծագույն նմուշներին»,- համերգի ավարտին իր օրհնությունն ու շնորհակալությունը հղելով նվագախմբին և մաեստրոին՝ նշեց Շիրակի թեմի առաջնորդ Տ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: 

 

Արմենուհի Մխոյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am