1000х90.jpg (78 KB)

«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն անցավ եզրափակիչ փուլ

Armenpress 01:18, 11 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգչուհի Ռոզա Լինը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում, հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթահարեց առաջին կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 14-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 10-ին, Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Մինչ կհայտարարվեին եզրափակիչ անցած երկրները, բեմ բարձրացավ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան՝ հիշեցնելով, որ 2022-ին «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Հայաստանում: Մալենան շեշտեց, որ Հայաստան գալով՝ հյուրերը կարող են ծանոթանալ հայկական յուրահատուկ և համեղ խոհանոցին, բարի և հյուրընկալ մարդկանց և հինավուրց տեսարժան վայրերին:

Եզրափակիչ փուլ անցան նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները:

Ռոզա Լինը հանդես եկավ «Snap» երգով, որի հեղինակը հենց ինքն է:

Հայաստանի պատվիրակի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոզա Լինը նշել էր, որ «Snap»-ը գրել է իր համար ծանր հոգեվիճակում, և ստեղծագործական գործընթացն, ասես, թերապիա է եղել: «Հաղթահարել եմ այդ փուլը՝ այս երգով: Երգի գլխավոր ուղերձն այն է, որ դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ է հաղթահարել՝ քեզ մի փոքր ավելի գնահատելով, սիրելով ու արժևորելով»,-նշել էր նա:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Անժելա Համբարձումյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am