Մարդկության համար որևէ օգտակար հայտնագործություն անելը կհամարեի իմ կարիերայի գագաթնակետը. 10 հարց գիտնականին

Armenpress 11:47, 11 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլլա Մինասյանը գիտնական դառնալու որոշումը կայացրել է Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետի դեղագործական քիմիա բաժնում ուսումնառության տարիներին, երբ տեսական դասերը զուգորդվում էին լաբորատորիայում անցկացվող փորձերով: 2015 թվականից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի կրտսեր գիտաշխատող է: 2021 թվականից ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի «Դեղերի որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի» փորձագետ: Նա ընդգրկված է նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE դրամաշնորհային ծրագրում:

Ինչպե՞ս սկսվեց գիտնական դառնալու Ձեր ուղին:

Դպրոցական տարիներին շատ էի սիրում քիմիան ու կենսաբանությունը ու, երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, շատ արագ որոշումս կայացրեցի ու դիմեցի Երևանի պետական համալսարանի դեղագործական քիմիայի բաժին: Ուսանողական տարիներին լաբորատոր աշխատանքները, որոնք կապված էին դեղագործության և քիմիայի հետ, ինձ շատ էին դուր գալիս: Առիթ եղավ նաև աշխատելու դեղատանը, բայց հետազոտական աշխատանքն ինձ ավելի հոգեհարազատ էր, ինչով էլ ներկայում զբաղվում եմ: «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնում նաև հայցորդ եմ:

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում արթնանալ առավոտյան:

Իհարկե, արթնանալու շատ պատճառներ ունեմ, ինչպես բոլոր մարդիկ, բայց ամենակարևորն այն անելիքներն են, որ պլանավորված են հաջորդ օրվա համար: Հենց դա էլ մոտիվացնում է արթնանալ առավոտյան, թարմ ուժերով շարունակել կիսատ մնացած գործերը:

Ինչպե՞ս կբնորոշեք գիտնականին:

Բնականաբար, երբ ուսանող ես, պատկերացումներն այլ են, երբեմն նույնիսկ կարծրատիպային: Հետագայում, երբ արդեն ինքդ էլ այդ ուղին ես ընտրում, դրանք լիովին փոխվում են: Շնորհիվ բակալավրի ու մագիստրատուրայի իմ գիտական ղեկավարի՝ ք․գ․թ․ Սաթենիկ Պետրոսյանի, ով շատ անմիջական անձնավորություն է, ես գիտնականին հենց այդպիսին էլ պատկերացրել եմ՝ մարդ, ով բանիմաց ու խելացի է, բայց միևնույն ժամանակ՝ համեստ ու անմիջական: Ցավոք, մեր հասարակության որոշակի մասը չգիտի՝ ինչով է զբաղվում գիտնականը, կցանկանայի, որ հենց երիտասարդ գիտնականների օրինակով այդ մոտեցումները փոխվեին:

Արդյո՞ք գիտությամբ զբաղվելն այնքան բարդ է, որքան մարդիկ մտածում են:

Ինձ համար ընդհանրապես բարդ չէ, ընդհակառակն այն անվերջ ստեղծագործելու հարթակ է: Մարդկանց տալիս է ինքնաիրացվելու հնարավորություն, իսկ հայտնագործություններ անելու միջոցով՝ նաև ինքնաբավության զգացողություն:

Կնշե՞ք որևէ շրջադարձային պահ, որ առանցքային է եղել գիտական ուղին ընտրելու Ձեր որոշման տեսանկյունից:

Երևի թե ուսանողական տարիների մեր հետազոտական փորձերը, որոնց շնորհիվ ավելի էր ամրապնդվում սերը քիմիայի ու դեղագործության նկատմամբ: Շրջադարձային էր նաև դեղատանն աշխատելն ու համոզվելը, որ դա ինձ համար չէ:

Ո՞րն է Ձեզ ամենաշատը տպավորած բացահայտումը Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակում:

Կարծում եմ` բոլոր հայտնագործություններն էլ հետաքրքիր ու կարևոր են, դրանք հարստացնում են արդեն առկա գիտելիքը՝ նպաստելով նոր բացահայտումների իրագործմանը: Որպես հետազոտող, ով իրականացնում է տարատեսակ նյութերի նույնականացման ուսումնասիրություն, կկարևորեմ նաև կենսատեխնոլոգիայի բացահայտումը, որի շնորհիվ հնարավոր է բնության մեջ առկա երևույթները ծառայեցնել մարդուն։ Օրինակ, պենիցիլինի, գարեջրի, գինու հայտնագործումը կենսատեխնոլոգիայի գործընթացների արդյունք են։

Կա՞ն գիտնականներ, ում համարում եք օրինակելի կերպար և նրանց աշխատանքը ուղենշային է եղել Ձեզ համար:

Իմ ոլորտի արտասահմանյան գիտնականների աշխատանքներն ուսումնասիրել եմ, ծանոթ եմ նաև ներկայում կատարվող հետազոտություններին: Որպես գիտնական, ով ինձ ոգեշնչել է, կնշեի Մարի Կյուրիին, ով ֆիզիկայից և քիմիայից Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր է: Իսկ որպես օրինակելի կերպար ինձ համար հայ գիտնականներն են, ովքեր դժվարագույն պայմաններում աշխատել ու կարողացել են արդյունք ստեղծել և շարունակել իրենց գործունեությունը Հայաստանում:

Ներկայում ի՞նչ ուսումնասիրություն եք իրականացնում:

Անալիտիկ սարքավորումների միջոցով իրականացնում ենք նյութի որակական ու քանակական վերլուծություն, պարզում ինչ տարրերից են բաղկացած: Դրանք կարող են լինել դեղեր, նոր սինթեզված նյութեր, բուսական հումքից անջատված հանուկներ: Հայցորդական աշխատանքիս շրջանակներում իրականացնում եմ բուսական հումքի թափոններից մելանինի անջատման և մաքրման տեխնոլոգիայի մշակում և ստացված մելանինի ֆիզիկոքիմիական ու կենսաբանական հատկությունների բազմակողմանի ուսումնասիրություն՝ դրա կառուցվածքային էլեմենտների բացահայտում և կիրառման նոր բնագավառների որոշում:

Ի՞նչ կասեիք այն երեխային, ով ցանկանում է դառնալ գիտնական:

Երբեք չհանձնվել, նոր հետաքրքիր մտքեր առաջադրել ու անել ամեն ինչ ապագայում դրանք կյանքի կոչելու համար: Կասեի նաև, որ դժվարություններից չվախենա: Իսկ մեծահասակներին կհորդորեի, որ քաջալերեն ու ոգևորեն իրենց երեխաներին ընտրելու այնպիսի մասնագիտական ուղի, որով նրանք պիտանի կլինեն մարդկությանը:

Ո՞րն է որպես գիտնականի Ձեր երազանքը:

Յուրաքանչյուր գիտնական իր կարիերայի գագաթնակետը կհամարեր Նոբելյան մրցանակի ստացումը: Իսկ ընդհանրապես մարդկության համար որևէ օգտակար և կարևոր հայտնագործություն անելը կհամարեի իմ կարիերայի գագաթնակետը:

 

«10 հարց գիտնականին» շարքի նախորդ նյութերը՝ ստորև՝

Որոշեցի շարունակել գիտությամբ զբաղվելու ընտանեկան ավանդույթը. Կարեն Թռչունյան

Ոչինչ մարդուն այնպիսի հաճույք չի պատճառում, որքան գիտական արդյունքի պարգևած էմոցիան. Անի Պալոյան

Արցախի տաք աղբյուրներից հայտնաբերված Anoxybacillus karvacharensis մանրէի պատմությունը որպես ոգեշնչման աղբյուր. Դիանա Ղևոնդյան

Քսան տարի առաջ ԱՄՆ-ի լաբորատորիայում ինձ զգում էի ինչպես ֆիլմում. Աննա Փոլադյան

Գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև հեռանկարային է. Սարգիս Աղայան

Աշխարհը փոխելու ամենահեշտ ուղին գիտությամբ զբաղվելն է. Սոնա Հունանյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am