1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ

Armenpress 11:45, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կառավարությունից, վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչը նշանավորվում է երկկողմ բարձրաստիճան ակտիվ փոխայցելություններով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք նպաստում են կառավարությունների և այլ մարմինների միջև սերտ փոխգործակցությանը, կապերի ամրապնդմանն ու փորձի փոխանակմանը: Վարչապետը հավելել է, որ Կառավարության նպատակն է պետական կառավարման համակարգի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և այդ համատեքստում կարևորել է ՌԴ փորձը, ինչպես նաև՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի ու ՌԴ Հաշվիչ պալատի փոխգործակցությունը:

Ալեքսեյ Կուդրինը նշել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ, որոնք կարևոր են գործունեության մեջ նոր մոտեցումներ կիրառելու առումով: ՌԴ Հաշվիչ պալատի նախագահը ևս կարևորել է համագործակցության ընդլայնումը և անդրադարձել իր ղեկավարած կառույցի գործունեությանն ու արդյունքներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային այլ հարցերի շուրջ:

Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին ընդունել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որի ընթացքում շարունակվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ քննարկումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am