1000х90.jpg (78 KB)

Վրացի գիտնականները ԵՊՀ-ում հանդես են եկել հայ-վրացական կապերին նվիրված դասախոսություններով

Armenpress 18:40, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ եւ վրացի գիտնականները քայլեր են ձեռնարկում Հայաստանի եւ Վրաստանի գիտական շրջանակների միջև փոխգործակցությունը ակտիվացնելու եւ խորացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ Հայաստան է ժամանել վրացի պատմաբանների, հնագետների եւ քաղաքագետների մի խումբ, որը ճանաչողական այցելություններ է կատարել Հայաստանում եւ հանդես եկել հայ-վրացական պատմամշակութային կապերին ու փոխառնչություններին նվիրված դասախոսություններով՝ հայ-վրացական բարեկամության ու Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Վրաստանի Ս. Ջանաշիայի անվան պետական թանգարանի գիտաշխատող, պատմագիտության դոկտոր Նիկոլոզ Ծիքարիձեն «Արմենպրես»-ին պատմեց Արևմտյան Վրաստանում իրենց կողմից իրականացվող հնագիտական պեղումների և Հայաստանի ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ համագործակցության մասին:

«Մենք մեզ շատ լավ ենք զգում Հայաստանում, եւ գիտական այն կապերը, որ մենք հիմա զարգացնում ենք, շատ կարևոր են մեզ համար: Կարծում եմ՝ ինքներս պետք է զարգացնենք մեր գիտական ինստիտուտներն ու նախագծերը Կովկասում, քանի որ դա մեր հասարակությունների բարեկեցության ճանապարհն է: Մենք արդեն սկսել ենք մի նախագիծ Հայաստանի հնագիտության ինստիտուտի մեր գործընկերների հետ «Ռուսթավելի» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Սա առաջին քայլն է: Մենք մտադիր ենք նաև գիրք գրել տարածաշրջանի պատմության Պալեոլիթի կամ Հին քարի դարաշրջանի մասին: Սա հնարավորություն կտա մեզ զարգացնելու մեր գիտական համատեղ աշխատանքները», - պատմեց վրացի հնագետը:

Նիկո Ծիքարիձեն դասախոսություն է կարդացել ԵՊՀ Պատմության ֆակուլտետում՝ «Հարավային Կովկասը վերին պլեյստոցենում:Մշակութային և էկոլոգիական համատեքստը վրացական հնագիտական հուշարձանների ուսումնասիրության հիման վրա. վրացական և հայկական հուշարձանների միջև կապերը» թեմայով:

Վրաստանի պետական թանգարանի ավագ գիտաշխատող, հնագետ Գիորգի Բեդիանաշվիլին իր հերթին պատմել է հայ ուսանողներին Կուր-արաքսյան և վաղ կուրգանային պարբերաշրջանի մասին Վրաստանի Ռաբաթի բնակավայրում: Պատմագիտության դոկտոր Նոդար Բախտաձեն դասախոսել է «Կովկասի վաղքրիստոնեական բազիլիկ եկեղեցիները» թեմայով, իսկ իրանագետ Վասիլի Պապավան ոչ պակաս հետաքրքիր դասախոսություն է կարդացել Իրանի հայ համայնքի մասին շահական վերջին դինաստիայի՝ Փեհլևիների ժամանակաշրջանում:

Վրացի գիտնականների խումբը նաև այցելել է Եռաբլուր, Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչպես նաև մի քանի նշանավոր եկեղեցիներ Լոռվա մարզում, այդ թվում՝ Ախթալայի վանք: Վրացի մասնագետները հանդիպում են ունեցել ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանի հետ: ԵՊՀ-ում նրանց ընդունել է Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Հայ-վրացական պատմամշակութային կապերին եւ փոխառնչություններին նվիրված դասախոսությունների շարքը կազմակերպել է Երևանի պետական համալսարանի «Կովկասագիտության ամբիոնը:

Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:

Արամ Սարգսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am