Գիրք, որը կօգնի դուրս գալ հուսահատությունից. Միշել Ֆուկո, «Գիտելիքի հնագիտությունը»

Armenpress 10:50, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե ընթերցողը չգիտի՝ ինչ անել անելանելի կացության մեջ, հուսահատ է, կարող է կարդալ Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» գիրքը, որը հայերեն է թարգմանվել։ Այդպես է կարծում գրքի թարգմանիչ, արվեստաբան Նազարեթ Կարոյանը։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա շեշտում է, որ հեղինակի վաղ, այսպես կոչված «ճառաբանական» (դիսկուրսիվ) շրջանի,  աշխատություններն ամփոփող գիրքն առաջին անգամ հայերեն է թարգմանվել «Գալուստ Գյուլբենկյան թարգմանական մատենաշարով»։  

«Գիտելիքի հնագիտությունը» գրքում գիտելիքի առաջանալը դիտարկվում է իբրև մրցակից կամ միմյանց հաջորդող ճառաբանությունների հետևանք, իսկ գիտությունների կազմավորման պատմությունը՝ իբրև հավաքական մտքի արխիվ։ 

Կարոյանը գիրքը սկսել է թարգմանել դեռևս 2018 թվականի գարնանը։ Տեքստի թարգմանությունն ավարտել է նախորդ տարի։ Նա ընդգծում է՝  ինքը թարգմանիչ չէ,  և սա առաջին գիրքն է, որն ամբողջությամբ թարգմանել է։ Շեշտում է՝ եթե չլիներ «Գալուստ Գյուլբենկյան թարգմանական մատենաշարը», ապա գիրքը չէր թարգմանի, քանի որ այն մեծ ջանքեր և ռեսուրսներ է պահանջում։ 

Գրքի թարգմանիչն անկեղծանում է՝ նշելով, որ Ֆուկոյին հասկանալն իր համար բարդ է եղել, գիրքն էլ թարգմանելիս բազմաթիվ դժվարությունների առաջ է կանգնել։ 

«Գրքի երեսուն տոկոսն արդեն ավարտել էի, բայց տեքստի առումով բարդություններ կային, կային հատվածներ, որոնք թարգմանելիս թվում էր, թե անհնար է հայերենով այնպես փոխանցել, որ հեղինակի՝ Ֆուկոյի միտքը ճիշտ ընկալվի։ Ֆուկոն կապակցում է լեզուն, խոսքը, բովանդակությունը և քերականությունը։ Հայերենում ցանկացած նախադասություն ենթակա ունի, եթե կան նախադասություններ, որոնք անենթակա են, հնարավոր է դրանք վերականգնել։ Ֆուկոյի դեպքում պատկերն այլ է. տեքստը կառուցում է երկրորդական նախադասությունների շարքի վրա, որոնց թիվը կորցնում ես, դրանով կորցնում ես նաև նախադասության միտքը, որն էլ  երկարաձգում է թարգմանչական գործը։ Ինձնից մեկ տարի պահանջվեց այս տարօրինակ երևույթը հասկանալու համար»,- պարզաբանեց Կարոյանը։ 

Թարգմանչի խոսքով՝ ընթերցողները կարող են ճանաչել իր ձեռագիրը։ Նա կատակեց՝ նշելով, որ իր ձեռագիրը հասկանալուց բացի, կարևոր է նաև գրքի բովանդակությունը հասկանալ։ Կարոյանը վստահեցնում է՝ «Գիտելիքի հնագիտությունը» այն գիրքն է, որը պետք է դանդաղ կարդալ։ Ընդգծում է՝ փորձում է իր թարգմանածը կարդալ սովորել։  

«Որպեսզի կարողանաս ընկալել գիրքը, պետք է պատրաստ լինես ուրիշ ոչնչի մասին չմտածել։ Իրականությունից կտրվել ցանկացողները կարող են միանշանակ կարդալ այն։ Եթե ընթերցողը կարողացավ կարդալ ու հասկանալ գիրքը, նա խորքային առումով կըմբռնի, թե ինչ է իրենից ներկայացնում այս աշխարհը, ինչ բան է հետճշմարտությունը։ Ֆուկոն հիմքեր է ստեղծել դրա համար։ Ինչպես Նիցշեն է կասկածի տակ դնում Աստծո գոյությունը, այնպես էլ Ֆուկոն՝ մարդու»,- ասաց գրքի թարգմանիչը։  

Ըստ Կարոյանի՝ «Գիտելիքի հնագիտությունը» Ֆուկոյի ստեղծագործության գագաթներից մեկն է, գուցե իր ամենաբարդ գիրքը։ Նա հավաստիացնում է, որ ֆուկոյի որևէ ստեղծագործության այս կամ այն լեզվով թարգմանված լինելը տվյալ ազգի արդիականության ցուցիչներից մեկն է։ Թարգմանիչն անկեղծանում է՝ գիրքը թարգմանելիս հասկացել է, որ պետք է երբևէ չհուսահատվել։  

«Մինչ գիրքը թարգմանելս Ֆուկոյին դրական էի վերաբերվում։ Հիմա՝ չգիտեմ, թե ինչպես վերաբերվել նրան. սպանե՞մ, թե՞ փայփայեմ։ Ֆուկոն ներկա ժամանակների հրեշավոր մարգարեն է։ Այն խնդիրները, որոնք ուներ, վերածում էր փիլիսոփայության։ «Չվախենալ ճշմարտությունն ասելուց. սա է քաջությունը»,- ասում էր Ֆուկոն»,- նշեց Կարոյանը։  

Թարգմանչի համոզմամբ՝ ընթերցողները գիրքը կարդալիս կարող են զուգահեռներ տանել Ֆրիդրիխ Նիցշեի, Կարլ Մարքսի, Չարլզ Դարվինի հետ, ովքեր ինչպես և Միշել Ֆուկոն, կարողացել են նոր հայացքներ ստեղծել և փոխել եղածը։  

«Եթե Երկիր մոլորակի 100 առաջնորդ կարդա գիրքը, կարծում եմ, դա բավարար է այս վիճակից դուրս գալու համար։ Գիտելիքը խոսքի միջոցով տարածվելու և յուրացվելու ունակություն ունի»,- եզրափակեց Կարոյանը։  

XX դարի երկրորդ կեսի ամենահայտնի, ազդեցիկ ու սկանդալային փիլիսոփաներից մեկը համարվող Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատությունը հրատարակել է «Զանգակը»։

Կարինե Տերտերյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am