1000х90.jpg (78 KB)

Աշտարակից Երևան, հետո Միլան ու Բազել գիտնական դառնալու մանկության երազանքի հետևից. 10 հարց գիտնականին

Armenpress 11:56, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սմբատ Գևորգյանն, ով ծնունդով Աշտարակ քաղաքից է, 9-10-րդ դասարանները սովորել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, հետո ընդունվել Երևանի Պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ և մասնագիտացել գենետիկայի ոլորտում: Ասպիրանտի կոչում է ստացել Միլանի համալսարանում բժշկական նանոտեխնոլոգիա ուղղությամբ, որտեղ նանոմասնիկներ էր ստեղծում հիվանդությունների բուժման համար: Այնուհետև մեկնել է Շվեյցարիայի Բազել քաղաք և որպես հետդոկտորական հետազոտող աշխատել իր մասնագիտությամբ: Շվեյցարիայից հայրենիք է վերադարձել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) աշխատելու նպատակով: Ներկայում ներգրավված է FAST-ի ASCENT (Advanced Solutions Center) ծրագրում, աշխատում է կենսագիտության ուղղությամբ նորարարական գիտական լուծումները կոմերցիոն պրոդուկտի վերածելու ուղղությամբ:

Մի փոքր կմանրամասնե՞ք, թե ներկայում ինչով եք զբաղվում:

Գիտությանն ուղղված հիմնական քննադատությունն այն է, որ շատերն առարկայական արդյունքներ չեն տեսնում և մեղադրում են գիտնականներին վերացական ուսումնասիրություններ կատարելու մեջ: Մանավանդ Հայաստանում այս հարցը շատ սուր է դրված՝ ինչու պետք է պետությունը ֆինանսավորի գիտությունը, երբ տեսանելի արդյունք չկա: Գիտական արդյունքի առևտրայնացման հաջողված օրինակներով է հետաքրքրություն առաջանում գիտնականների կատարած աշխատանքի հանդեպ: Բնականաբար, առևտրայնացումը գիտության հիմնական նպատակը չէ, այն ավելի շուտ կողմնակի հետևանք է, բայց շատ ավելի շոշափելի է դարձնում գիտական արդյունքը: Ինչու, որովհետև գիտությունը ստեղծում է նոր գիտելիք, այնպիսի բան, որ առաջ չի եղել և հնարավորություն է տալիս շուկայում ոչ միայն նոր նշաձողեր գրավել, այլև ստեղծել: Պետք է նշել, որ գիտելիքահենք ստարտափները բավականին հեռանկարային են, այո, ռիսկը բարձր է, բայց դա արդարացված է, քանի որ ստացված արդյունքները բազմապատիկ ավելի մեծ են լինում:

Գիտության առևտրայնացման ամենահայտնի օրինակներից է գյուտարար և ինժեներ Թոմաս Էդիսոնի կողմից տարբեր գյուտերի գեներացումը, որոնք վերածվում էին որևէ ապրանքի ու տեխնոլոգիայի և փոխում մարդկանց կյանքը: Մեկ այլ օրինակ է մեր հայրենակից Նուբար Աֆեյանի գործունեությունը, ով ևս գիտնական է, Բոստոնում ստեղծել է Flagship Pioneering ընկերությունը, որը 100-ավոր հաջողակ ընկերությունների ստեղծման ակունքներում է գտնվում: Օրինակներից է Մոդեռնան, որը տեսնում ենք՝ ինչպես է մարդկանց կյանքը փոխում դեպի լավը:

Շատ ժամանակ գիտնականները խորանում են մաքուր ակադեմիական գիտության մեջ ու չեն պատկերացնում՝ ինչպես պետք է շուկայի ուսումնասիրություն կատարեն, մարքեթինգային ռազմավարություն մշակեն, ինչպես հետազոտությունների արդյունքները որևէ պրոդուկտի վերածեն: Հենց սա է, որ երբեմն խանգարում է շատ գիտնականներին հաջողակ բիզնեսմեն դառնալ, և Flagship Pioneering-ը լուծում է այս հարցը, գիտական մրցունակ գաղափարներն ապրանքի վերածելու միջոցով: Մենք հենց այս մոդելն ենք կրկնօրինակել ASCENT ծրագրի շրջանակում, զրոյից ստեղծում ենք գիտելիքահենք ստարտափներ և աջակցում պրոդուկտը շուկա մտցնելու և առաջ մղելու բոլոր փուլերում:

Ինչպե՞ս սկսվեց գիտնական դառնալու Ձեր ուղին: Ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց այս մասնագիտական ուղղությունն ու շարունակել կրթությունն ասպիրանտուրայում:

Ինչ ինձ հիշում եմ, միշտ ցանկացել եմ գիտնական դառնալ: Դեռ փոքր տարիքից հետաքրքրվում էի բնության տարբեր երևույթներով ու փորձում հասկանալ դրանց առաջացման պատճառները: Սիրում էի բնագիտական բոլոր առարկաները, դպրոցական օլիմպիադաներին ամենամեծ հաջողությունն ունեցել եմ կենսաբանությունից: Մասնավորապես, իններորդ դասարանում հանրապետական օլիմպիադայում առաջին կարգ գրավեցի, ու դրանից հետո հարազատներս որոշեցին, որ պետք է բժիշկ դառնամ: Եթե ես էլ ցանկանայի, կարող էի անվճար ընդունվել բժշկական համալսարան, բայց ինձ դա չէր հետաքրքրում, միշտ երազել եմ գիտությամբ զբաղվել: Մի քիչ պայքարեցի ընտանիքիս անդամների հետ ու գնացի իմ ուզած ուղիով: Իմ ընտանիքում գիտնականներ չկան, բայց միևնույնն է կրթությունը միշտ է գնահատվել:

2012 թվականին, երբ հասկացա, որ պետք է շարունակեմ ուսումս ասպիրանտուրայում, այդ ժամանակ այդքան էլ լավ պայմաններ չկային Հայաստանում լիարժեք գիտական աշխատանքով զբաղվելու համար: Բացի այդ՝ միջազգային փորձը միշտ էլ օգտակար է.  այլ երկիր, աշխատանքային ուրիշ մշակույթ, նոր մարդիկ, նոր շփումներ: Եվ աշխատանքային պայմանները, և ինքնակատարելագործման ձգտումը ինձ դրդեցին գնալ Եվրոպա ասպիրանտուրայի համար: Բացի այդ՝ բժշկական նանոտեխնոլոգիայի ոլորտը, որով ես հետաքրքրվում էի, թե այդ ժամանակ, թե հիմա այնքան էլ զարգացած չեն Հայաստանում, չունենք խորացված գիտական դպրոց:

Ո՞րն է արտասահմանյան կրթական մոդելի այն փորձը, որ պետք է յուրացնենք:

Տեսական գիտելիքների առումով, եթե հայ ուսանողները կարողանան անգլերենով ստեղծված գրականությունն ուսումնասիրել, իրականում շատ տարբերություն չի լինի: Ինչ վերաբերում է փորձարարական, լաբորատոր աշխատանքներին, ապա այս հարցում շատ ենք զիջում, հատկապես տասը տարի առաջ, երբ ես էի գնում արտասահման սովորելու: Ինչ սովորում էինք դասագրքերով, չէինք կարողանում լաբորատորիայում փորձարկել: Այդպես շատ թերի էր ստացվում մեր յուրացրած գիտելիքը: Ու երբ գնացի Իտալիա, շոկի մեջ էի, թե ինչքան գերժամանակակից սարքավորումներով են հագեցած նրանց համալսարանական լաբորատորիաները: Շատ սարքավորումներ հարյուր հազարավոր դոլար արժեին, ու ես ամեն օր դրանցով աշխատում էի: Հիմա կամաց-կամաց մեզ մոտ էլ է սկսում լավանալ դրությունը, որոշ լաբորատորիաներ համալրվում են նմանատիպ սարքավորումներով: Այն ինստիտուտում, որտեղ ես գրում էի իմ ասպիրանտական դիսերտացիան, ոչ նյութերի խնդիր կար, ոչ էլ սարքավորումների, լավ հնարավորություններ էին ստեղծագործ աշխատանքի համար: Դրան գումարած աշխատավարձն այնքան էր, որ լիովին բավականացնում էր միայն գիտության վրա կենտրոնանալու համար, այսինքն՝ կողմնակի աշխատանք փնտրելու կարիք չկար:

Մինչ գիտնական դառնալը, ո՞վ էր գիտնականն՝ ըստ Ձեզ:

Ինձ համար ամենախելացի մարդիկ էին գիտնականները, դրա համար ինձ միշտ խորթ է թվացել հասարակական այն կարծրատիպը, թե գիտնականները խեղճ, անճար մարդիկ են, ովքեր քիչ աշխատավարձ են ստանում, բեռ են սոցիալական ծառայությունների համար: Հիմա, երբ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ եմ շփվում, տեսնում եմ, որ բոլոր մասնագիտությունների մեջ էլ կան խելացի մարդիկ, բայց ոչ բոլորն են, որ ընտրել են գիտությամբ զբաղվելը: Անխելք գիտնականներ էլ կան (ծիծաղում է), բայց հիմնականում խելացի են: Գիտնականի աշխատանքը ստեղծագործ է, կաղապարներ չկան, նա ազատ է ուսումնասիրելու այն, ինչ իրեն ու մյուս մարդկանց է հետաքրքրում:

Ո՞րն է Ձեզ ամենաշատը տպավորած բացահայտումը Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակում:

Ես ընդհանրապես գիտության բոլոր ճյուղերի զարգացումներին հետևում եմ: Օրինակ, մի քանի տարի առաջ անչափ տպավորված էի, երբ հայտնաբերվեցին գրավիտացիոն ալիքները: Սա Ալբերտ Էյնշտեյնի Հարաբերականության տեսության ապացույցն էր, ըստ որի ժամանակն ու տարածությունը միաձուլված են, և ծանր տիեզերական մարմինները շարժվելիս, տարածության կորության մեջ առաջացնում են գրավիտացիոն ալիքներ, որոնք տեղաշարժվում են լույսի արագությամբ: Մասնավորապես, գիտնականները կարողացել էին գտնել գրավիտացիոն ալիքներ, որոնք առաջացել էին շատ հեռու գտնվող երկու սև խոռոչների միաձուլման արդյունքում (տարածություն-ժամանակի մեջ մի տարածք է, որտեղ ոչ մի բան չի կարողանում փախչել նրա ձգողականությունից, անգամ՝ լույսը, այդ իսկ պատճառով և կոչվում է «սև խոռոչ» ):

Ինչ վերաբերում է իմ ոլորտին, ապա բացահայտումը, որը նաև ինձ ոգեշնչեց բժշկական նանոտեխնոլոգիաների ուղղությունն ընտրել, նանոռոբոտներն էին: Նանո երկարությունը մեկ մետրից միլիարդ անգամ փոքր է, այսինքն՝ մեկ նանոմետրը մեկ մետրի մեկ միլիարդերորդ մասն է (10-9): Մենք նանոմասնիկների հետ ենք աշխատում, որոնք ունեն մի քանի տասնյակ նանոմետր տրամագիծ: Այսինքն, դրանք միլիմետրից հարյուր հազարավոր անգամ փոքր մասնիկներ են, որոնց հետ կարող ենք մանիպուլյացիա անել, չափս ու տեսք ընտրել, մակերեսին դնել ֆունկցիոնալ խմբեր, ներսում՝ դեղեր: Նանոռոբոտները կարող են ներմուծվել օրգանիզմի մեջ ու ընտրողական կերպով սպանել մեր կողմից թիրախավորված բջիջները՝ առանց վնասելու մյուս բջիջներին: Հնարավորություններն իրոք անսահման են, անգամ գիտաֆանտաստիկայի ժանրից է թվում: Իմ հետազոտության արդյունքում նանոմասնիկներ էի ստացել, որոնք կարողանում էին գնալ գլխուղեղ ու այնտեղի ուռուցքները թիրախավորել: Դրանք դեղեր են, որ ներարկում ենք արյան մեջ կամ մարդը ուղղակի խմում է որպես հաբ, և, արյան մեջ ճանապարհորդելով, գնում են այն տեղը, որը ծրագրավորված է:

Կա՞ն գիտնականներ, ում համարում եք օրինակելի կերպար և նրանց աշխատանքը ուղենշային է եղել Ձեզ համար:

Տաղանդավոր գիտնականները շատ են, բայց ես կառանձնացնեի Մարի Կյուրիին: Նա առաջին գիտնականն է, ով երկու իրարից տարբեր գիտական ոլորտներում՝ ֆիզիկայում (1903) և քիմիայում (1911), Նոբելյան մրցանակի է արժանացել: Ու նա միակն է մինչ օրս: Եթե հաշվի առնենք, որ հարյուր տարի առաջ կանայք հավասար կարգավիճակում չէին տղամարդկանց հետ, շատ ավելի դժվար էր նրանց համար գիտության մեջ արդյունքներ գրանցելը, ու բացի այդ՝ նա նաև իմիգրանտ էր, պետք է ասել, որ նա շատ մեծ ձեռքբերում է ունեցել:

Ինչպե՞ս է սկսվում ու ավարտվում գիտնականի մեկ օրը:

Ես հիմա ավելի շատ ծրագրերի ղեկավարմամբ եմ զբաղվում, բայց եթե շատ դասական սցենար պատկերացնենք, ապա գիտնականը գալիս է լաբորատորիա, կարդում գիտական հոդվածներ, հրապարակումներ, ոգեշնչվում փորձեր իրականացնելու նոր գաղափարներով: Հետո թուղթ ու գրիչով կամ համակարգչով մանրամասն պլանավորում իր գիտափորձը, գնում ու իրականացնում այն, վերլուծում արդեն ստացված արդյունքները, որոնք գոհացուցիչ լինելու պարագայում դառնում են մեծ պատմության մի մասն ու հետագայում վերածվում գիտական հոդվածի:

Լինում են դեպքեր, երբ գիտնականներն ունենում են նաև ձախողումներ, ինչպե՞ս են նրանք դա հաղթահարում:

Իրականում գիտնականի աշխատանքում անորոշությունները շատ են. դու փորձում ես նոր բան բացահայտել, բայց չգիտես դա այդպես է, թե ոչ: Երբ փորձդ նախագծում ես, հույսդ այն է, որ կստացվի, բայց կա նաև հավանականություն, որ չես ստանա այն արդյունքը, որ կանխատեսում էիր: Լինում են իրավիճակներ, երբ շաբաթների փորձը ոչ մի արդյունքի չի հանգեցնում, դա իրոք հուսահատեցնող է: Դրա համար էլ գիտնականներին անհրաժեշտ է իրենց կոլեգաների ու ընտանիքի աջակցությունը, որ չհիասթափվեն, պարզապես շարունակեն լինել համառ ու կատարելագործեն իրենց արդյունքները:

Ի՞նչ կասեիք այն երեխային, ով ցանկանում է դառնալ գիտնական:

Ես կքաջալերեի, որ զբաղվեին գիտությամբ, եթե նրանց հետաքրքիր է բացահայտել տարբեր երևույթների խորքային պատճառները, հասկանալ՝ ինչու է աշխարհն այսպես, այլ ոչ այլ կերպ: Ամեն մասնագիտություն ունի իր առավելություններն ու թերությունները, բայց ինձ համար գիտությամբ զբաղվելու դրական կողմերն ավելի շատ են: Որպես այդպիսիք կնշեի՝ միջազգային լինելը, ստեղծարար աշխատանքը, միշտ ժամանակից առաջ լինելը, երբ դու գիտես, թե ինչ անհավատալի նվաճումների կարող է հասնել մարդկությունը մոտ ապագայում մինչ դրանք կդառնան հանրամատչելի:

Ի՞նչը կհամարեք որպես գիտնականի Ձեր կարիերայի գագաթնակետը:

Ցանկացած գիտնականի համար կարիերայի գագաթնակետը Նոբելյան մրցանակն է, քիչ գիտնականներ են դրան հասնում, որը, կարելի է ասել, ինչ-որ չափով ոչ թե նպատակ է, այլ երազանք: Եթե դու շատ տաղանդավոր գիտնական ես ու լավ գիտական արդյունքներ ես գրանցում, այդտեղ նաև բախտն է դեր խաղում ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու համար:

 

«10 հարց գիտնականին» շարքի նախորդ նյութերը՝ ստորև՝

 

Մարդկության համար որևէ օգտակար հայտնագործություն անելը կհամարեի իմ կարիերայի գագաթնակետը. Էլլա Մինասյան

 

Որոշեցի շարունակել գիտությամբ զբաղվելու ընտանեկան ավանդույթը. Կարեն Թռչունյան

 

Ոչինչ մարդուն այնպիսի հաճույք չի պատճառում, որքան գիտական արդյունքի պարգևած էմոցիան. Անի Պալոյան

 

Արցախի տաք աղբյուրներից հայտնաբերված Anoxybacillus karvacharensis մանրէի պատմությունը որպես ոգեշնչման աղբյուր. Դիանա Ղևոնդյան

 

Քսան տարի առաջ ԱՄՆ-ի լաբորատորիայում ինձ զգում էի ինչպես ֆիլմում. Աննա Փոլադյան

 

Գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև հեռանկարային է. Սարգիս Աղայան

 

Աշխարհը փոխելու ամենահեշտ ուղին գիտությամբ զբաղվելն է. Սոնա Հունանյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am