Թանգարանների առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը. Վահրամ Դումանյան

Armenpress 12:28, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ( ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է.

«Սիրելի´ թանգարանագետներ, թանգարանային գործի նվիրյալ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:

Թանգարանները կարևորագույն հաստատություններ են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը:

1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունն այդ մարտահրավերների դիմագրավման և թանգարանների կարևորագույն դերի, հնարավորությունների ուղղությամբ:

2022 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն առաջարկում է բացահայտել թանգարանների ուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում,  նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն, որոնք կարևորագույն գործոններ են համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:

Պահպանելով հիմնական առաքելությունը՝  հավաքչություն, պահպանություն, կրթություն,  հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են՝ դառնալով միջգիտակարգային հանգույցներ, որոնք ավելի ինտերակտիվ են, ճկուն և համայնքակենտրոն: Ընդլայնելով իրենց դերը որպես մշակութային-կրթական կենտրոններ՝ թանգարանները թիրախավորում և հասցեագրում են արդի խնդիրները՝ վերարժևորելով իրենց հավաքածուները և ժառանգությունը, ստեղծելով ավանդույթներ, որոնք նորովի են ներկայացնում մեր անցյալը և փոխանցում նոր գաղափարներ՝ կառուցելու ավելի լուսավոր և կայուն ապագա:

Անառարկելի է թանգարանների դերն ազգի պատմության հանրահռչակման, քաղաքացիական և ազգային դաստիարակության, և այս համատեքստում՝ թանգարանային ոլորտի աշխատակիցների մասնագիտական ներդրումը և անձնական նվիրումը թանգարանների զարգացման և կայացման գործում:

Կրկին շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ, մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն, լավատեսություն և նորանոր ձեռքբերումներ»:

 

                                                                         

                                                  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am