1000х90.jpg (78 KB)

Ընդդիմադիրների շարքում կան անձինք, որոնց նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում․ Սրբուհի Գալյան

Armenpress 12:40, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընդդիմադիրների շարքում կան անձինք, որոնց նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմադիր գործընկերների շարքում կա՞ն մարդիկ, որոնց նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում։

 «Այո, կան, բայց մի բան էի ուզում նշել, որ իրավական պետության կառուցման ճանապարհին կան միջազգայնորեն ընդունված իրավական գործիքներ, որոնք այսպես թե այնպես պետք է զարգացած պետությունները ունենան, և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը հենց այդ կարևորագույն գործիքներից մեկն է։ Կարծում եմ, որ ոչ մի դեպքում մենք՝ որպես իրավական պետության ներկայացուցիչներ այս գաղափարներից, իհարկե, հրաժարվել չենք կարող»,- ասաց Գալյանը։

Ըստ Գալյանի՝ Ազգային ժողովում ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը հենց միտված է այդ ինստիտուտի առավել արդյունավետ կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում՝ ցանկացած ժամանակում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր հերթին հարցրեց, թե փողոցային պայքարին մասնակցող ընդդիմության քանի՞ ներկայացուցիչ է անցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Գալյանը պատասխանեց, որ այս պահին կդժվարանա թիվ ասել, միևնույն ժամանակ շեշտելով՝ Դատախազության համար իրականում էական նշանակություն չունի, թե գործով անցնող անձը ընդդիմադիր է, թե իշխանամետ է կամ ինչ քաղաքական հայացքներ ունի։

« Մեզ համար տարբերություն չկա, մենք ունենք իրավական գործընթաց և իրացնում ենք մեր օրենսդրական լիազորությունները, որոնք վերապահված են իրավասու մարմնին։ Ընդդիմադիր է, իշխանամետ է, ազգային պատկանելիությունը որևէ նշանակություն չունի վարույթ իրականացնող մարմնի համար»,- ասաց Գալյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am