1000х90.jpg (78 KB)

Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի խորհրդարանական պատվիրակությունը կարևորել են հայ-իտալական փոխգործակցության ակտիվացումը

Armenpress 17:04, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին ընդունել է Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, հանդիպմանը կարեւորվել է հայ-իտալական փոխգործակցության առավել ակտիվացումը, խորհրդարանական դիվանագիտությունը՝ առանձնացնելով հատկապես բարեկամական խմբերի դերը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ազգային ժողովում գործող Հայաստան-Իտալիա բարեկամական խումբն ավանդաբար ամենաբազմանդամներից է եւ ուրախալի է այն, որ իտալական խորհրդարանում, բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից, Միջխորհրդարանական միության շրջանակում եւս գործում է Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել 2020թ. 44-օրյա պատերազմի եւ դրանից առաջ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բազմաթիվ հայտարարությունների եւ կոչերի համար: Նա առանձնացրել է հատկապես 2021թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ջերմ ողջույններ է փոխանցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին՝ հույս հայտնելով, որ Հայաստան ծրագրված նրա այցը կիրականանա, եւ հայ-իտալական միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am