Ճարտարապետաշինարարական համալսարանը մասնակցում է միջազգային «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» նախագծին

Armenpress 18:45, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEvision) նախագծի պաշտոնական ներկայացումը՝ առցանց ձևաչափով, որին մասնակցել են Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի, Զալցբուրգի համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ), Երևանի պետական համալսարանի, Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանի ներկայացուցիչները և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEvision) նախագիծը մեկնարկել է  2022թ․ մարտի մեկից, որը Կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերային ծրագրի (APPEAR) շրջանակներում համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից։

«DEvision նախագիծը համատեղ համալսարանական նախաձեռնություն է, որին մասնակցում են Զալցբուրգի համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարնթը, Երևանի պետական համալսարանը և Ղրղզստանի շինարարութթան, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը։ Նախագծի համակարգումն իրականացվում է Զալցբուրգի համալսարանի կողմից։

DEvision նախագիծը նպատակ ունի ինտեգրել աշխարհատարածական առցանց և հիբրիդային ուսուցման մի շարք դասընթացներ՝ գործընկեր բուհերի բակալավրի և մագիստրոսական մակարդակի ուսումնական ծրագրերում: Նախաձեռնությունն իրականացվում է Թվային Երկիր տեսլականի և թվային փոխակերպման գաղափարների համատեքստում, որոնք ազդում են հասարակությունների, տնտեսությունների և շրջակա միջավայրի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այս նախաձեռնությանը ՃՇՀԱՀ-ի մասնակցությունը պայմանավորված է Ավստրիայի և Ղրղզստանի գործընկերների հետ ակադեմիական համագործակցության ընդլայնմամբ և ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի երկարաժամկետ փոխանակումներով՝ նպատակ ունենալով աջակցել նորարարությանը և բարելավել կրթության որակը «Թվային Երկիր» հայեցակարգի շրջանակներում: Հիմնական նպատակներից մեկը աշխարհատարածական կարողությունների ընդլայնումն է բոլոր այն դասընթացներում, որտեղ «տեղադրությունը կարևորվում է»:

Նշվում է, որ այս նախագծում մշակվելիք դասընթացները ինտեգրվելու են բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում։ Երեք դասընթաց մշակվելու և ինտեգրվելու է «Գեոդեզիա և կադաստր» բակալավրիատի ծրագրում, երկու դասընթաց՝ մագիստրոսական ծրագրում: Մշակված դասընթացները, որպես շարունակական կրթություն, կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների միջոցով կառաջարկվեն նաև սոցիալական գործընկերներին և կարող են հանգեցնել մասնագիտական հավաստագրման։ Լինելով  ուսուցման բաց ռեսուրսներ՝ այդ դասընթացները կնպաստեն DEvision նախագծի հետ առնչություն չունեցողների աշխարհատարածական կարողությունների զարգացմանը։

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am