1000х90.jpg (78 KB)

Պետք է տալ այն, ինչ ունենք. սա է փոխադարձ համագործակցության բանաձեւը. Սերբիայի դեսպանի հարցազրույցը

Armenpress 10:45, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահ» նախագծի շրջանակներում մեր հերթական հանդիպումը ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի հետ է:

 

-Տիկի΄ն Պանայոտովիչ-Ցվետկովիչ, թույլ տվեք մեր խմբագրության անունից շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ, ցանկանալ բարեկեցություն, նորանոր վերելքներ եւ ձեռքբերումներ: Տիկի΄ն դեսպան, կներկայացնե՞ք սերբ-հայկական հարաբերությունների պատմական ակնարկը: Ի՞նչ արժեքներ են կապում այս երկու ժողովուրդներին:

-Նախ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ձեզ մեր դեսպանատանը հյուրընկալվելու համար, եւ ուրախ ենք մեր դռները բացելու ձեր առջեւ: Անձամբ ինձ համար մեծ պատիվ է դիվանագիտական ունակություններս ներդնել երկու բարեկամ երկրների հարաբերությունների մասին ասելիքս կառուցելու համար: Նշեմ, որ ինքս հետեւում եմ ձեր օրաթերթի գործունեությանը, ընթերցում եմ անչափ հետաքրքիր հոդվածներն ու վերլուծությունները:

Ինչ վերաբերում է Ձեր հնչեցրած հարցին, կցանկանայի նշել, որ մեր երկու ժողովուրդները պատմականորեն կապված են միմյանց, որոնք բնութագրվում են զարգացման տարբեր փուլերով: Պատմական այդ կապը տարբեր ժամանակներում զարգացման նոր փուլեր է ապրում, որի ամփոփումը դիվանագիտական հարաբերությունների ձեւավորումն է, ինչին կանդրադառնանք քիչ հետո: Արդեն երկու տարի գտնվելով Հայաստանում` համոզվեցի, որ սերբերն ու հայերը բավական շատ ընդհանրություններ ունեն` բարեհամբույր են, հյուրընկալ, հնարամիտ, հայրենասեր: Այդ նմանությունները ձեւավորվել են նախորդ դարերի պատմական որոշակի իրողությունների, դժվարությունների, խոչընդոտների արդյունքում: Երկու ժողովուրդները քրիստոնյա են, որն ընդհանրությունների առանցքն է: Պատմության ընթացքում սերբերն ու հայերը սովորել են հաղթահարել դժվարությունները: Ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ Հարավսլավիայի փլուզումը մեծ ազդեցություն ունեցավ երկու ժողովուրդների հետագա ընթացքի եւ զարգացման վրա:

13-րդ դարում` Նեմանյիչ դինաստիայի ժամանակներում, առաջին սերբ արքեպիսկոպոս սուրբ Սավան ճանապարհորդել է Կիլիկյան Հայաստանով եւ ցանկացել ավելին իմանալ հայկական վանքերի մասին: Այս դեպքը գուցե առաջին ուղղակի շփումն է եղել սերբ եւ հայ ժողովուրդների միջեւ միջնադարում: Արքեպիսկոպոսը շատ է տպավորվել հայկական վանական համալիրների գեղեցկությամբ եւ որոշել է հայ շինարարներ հրավիրել Սերբիա` օրթոդոքս եկեղեցիների կառուցման մեջ ներդրում ունենալու համար: Սերբական եկեղեցական կառույցների վրա շատ է ազդել հայկականությունը:

Հաջորդ նմանությունն այն է, որ երկու երկրներով էլ առեւտրային կապող ուղիներ են անցնում, օրինակ` Մետաքսի ճանապարհը: Այդ ժամանակներում շատ հայեր գնում էին Սերբիա` գործարարությամբ զբաղվելու: Ավելի ուշ որոշակի թվով հայեր բնակություն հաստատեցին Սերբիայի տարբեր քաղաքներում, որտեղ բացեցին իրենց դպրոցները, հիմնեցին հայկական եկեղեցիներ: Հայկական եկեղեցի գոյություն ուներ նաեւ մայրաքաղաք Բելգրադում: Հին եկեղեցիները, դժբախտաբար, ավերվել են պատմական տարբեր իրադարձությունների հետեւանքով: Այնուամենայնիվ, դրանք վկայում են Սերբիայում հայերի ներկայության մասին:

20-րդ դարասկզբին շատ հայեր եկան Սերբիա, որոնց հետնորդները դեռեւս ապրում են այնտեղ: Սերբիան մշտապես բաց է պահում իր դռները հայերի առաջ եւ պատրաստ է հյուրընկալել այցելուներին: Դրա ապացույցն է այն, որ Սերբիան ապաստան տվեց նրանց, ովքեր դրա կարիքն ունեին: Համաձայն պաշտոնական տվյալների` ներկայումս մոտավորապես 500 հայ է ապրում Սերբիայում, թեեւ հնարավոր է` ավելին լինեն: Նրանք սփյուռքի վաղեմի ներկայացուցիչներ են եւ, հնարավոր է, հայերեն էլ չեն խոսում արդեն կամ հայկական անուն-ազգանուններ չունեն: Սակայն անխոս նրանք ունեն հայկական արմատներ: Սա շատ կարեւոր փաստ է: Այնուհետեւ վերջին տասնամյակներում, հատկապես՝ Հարավսլավիայի ժամանակաշրջանում սերբ եւ հայ ժողովուրդների միջեւ խառն ամուսնությունները լայն տարածում գտան, քանի որ սերբերը, որպես խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, գալիս էին Հայաստան` աշխատելու:

Հայ եւ սերբ ժողովուրդներին էլ ավելի մոտեցրեց ողբերգական մի դեպք` 1988-ի Սպիտակի երկրաշարժը: Այդ ժամանակ Սերբիան դեռեւս Հարավսլավիայի կազմում էր, եւ որոշում կայացվեց հումանիտար օգնություն ուղարկել հայ ժողովրդին: Այսպիսով՝ երկու ինքնաթիռ ուղեւորվեց դեպի Հայաստան: Դժբախտաբար, Երեւանից ոչ շատ հեռու ինքնաթիռներից մեկը վթարի ենթարկվեց, եւ սերբ 7 օդաչուներից ոչ ոք ողջ չմնաց: Մենք զգում ենք, թե այդ սարսափելի երկրաշարժից անգամ 34 տարի հետո ինչպես է հայ ժողովուրդը հիշում ու սգում: Հայաստանը չի մոռանում այդ ողբերգությունը եւ չի մոռանում այն ամբողջ օգնությունը, որ տրամադրվել է հայ ժողովրդին այդ ծանր շրջանում: Նշեմ, որ ամեն տարի մենք այցելում ենք Արմավիրի մարզում գտնվող «Կոտրված թեւեր» անունը կրող հուշահամալիր` նվիրված զոհված սերբ օդաչուների հիշատակին: Մենք շատ ենք գնահատում, երբ տեսնում ենք, որ շատ հայեր այցելում, ծաղիկներ են դնում այնտեղ անգամ այսքան տարի անց: Սա վկայում է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված ընկերության ու համերաշխության մասին:

Հաջորդ կարեւոր ասպեկտը տպագրությունն է, հատկապես՝ 19-րդ դարում: Մոտ 30 սերբական դասական աշխատություններ են թարգմանվել Վիեննայում` Մխիթարյան միաբանությունում: Եթե խոսում ենք երկու ժողովուրդների հարաբերությունների ակունքների մասին, նշածներս դրանց հիմքն են համարվում: Սա միայն սկիզբն է, քանի որ մենք աշխատում ենք սերբ եւ հայ ժողովուրդների ընդհանրությունները, հետեւաբար, նաեւ համագործակցության ոլորտներն ավելի խորացնելու ուղղությամբ: Ապրելով Հայաստանում` հաճախ եմ ունենում այն զգացումը, որ հայերը համակրանքով ու ջերմությամբ են լցված սերբ ժողովրդի հանդեպ, ինչպես սերբերը` հայերի: Վերը նշեցի միայն պատմական կապերի մասին: Նկատել եմ, որ հայերը բավական հետաքրքրված են պատմությամբ եւ շատ տեղեկատվության են տիրապետում Սերբիայի մասին: Նոր ժամանակներում, իհարկե, ձեւավորվեցին նաեւ դիվանագիտական կապերը:

-Դուք խոսեցիք դիվանագիտական հարաբերությունների մասին։ Բարեբախտաբար, մենք մոտենում ենք հայ-սերբական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Խնդրեմ, մեկնաբանեք՝  ի՞նչ աշխատանք է արվել այս ընթացքում։ 

-Շնորհակալ եմ այս հարցի համար, քանի որ սա շատ կարեւոր է։ Դեռեւս ունենք արված գործերի փոքր «ցուցակ», սակայն նոր մտահղացումներն առջեւում են։ Դժբախտաբար, այս ընթացքում չէր հաջողվել ունենալ ռեզիդենտ դեսպանատուն, եւ աշխատում էինք այլ երկրների դեսպանությունների միջոցով։ Սակայն նշված ժամանակահատվածում բարձր կարգի այցելություններ են եղել, որոնց արդյունքում ավելի է սերտացել համագործակցությունը երկու երկրների միջեւ։ Նման այցելություններ տեղի են ունեցել վերջին 20 տարվա ընթացքում։ Փոխադարձ այցելություններ են կատարել Սերբիայի եւ Հայաստանի նախագահները, զարգացել է քաղաքական երկխոսությունը։ Պետք է նշել, որ դա ավելի է խորացել վերջին 5-6 տարվա ընթացքում։ Հայաստանում դեսպանատուն բացելուց առաջ՝ 2019 թ. ՀՀ նախագահն այցելեց Սերբիա, որտեղ հանդիպեց երկրի ղեկավարի հետ, ու որոշեցին, որ երկու երկրների հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ։ Նույն թվականի վերջին ես ժամանեցի Հայաստան՝ դեսպանատունը բացելու առաքելությամբ, եւ այն բացեցինք նույն թվականի դեկտեմբերի 16-ին։ 2020 թ. համաճարակից առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն այցելություն կատարեց Սերբիա, ինչի համար մենք շատ ուրախ ենք։ Այսպիսով՝ Երեւանում բացվեց դեսպանատուն, եւ վերացվեց վիզային ռեժիմն այցելությունների համար։ Նախատեսվում էր, որ հաջորդ տարի նույնը պետք է աներ Հայաստանը՝ դեսպանատուն բացեր Բելգրադում։ Սակայն, դժբախտաբար, ինչպես արդեն գիտենք, մարտից համավարակը թույլ չտվեց դա իրականացնել։ Համավարակը չհաղթահարած՝ պատերազմ սկսվեց Լեռնային Ղարաբաղում, եւ, իհարկե, այդ ժամանակ հնարավոր չէր կենտրոնանալ փոխադարձ համաձայնության վրա։ Հայաստանի դեսպանության գրասենյակի բացման ընթացակարգն այժմ ավարտական փուլում է: Սերբիայում (նստավայրը Պրահայում է) Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով Սերբիայի, սերբ ժողովրդի ու սերբերի հիանալի գիտակ է, ինտենսիվորեն զբաղվում է նշված գրասենյակի բացման գործերով: Սա՝ որպես ներածություն դիվանագիտական երկկողմ առաքելությունների մասին։

Մենք իսկապես շատ ենք աշխատում։ Արդեն 2019-ի նոյեմբերից կիրառում ենք առանց վիզա ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար։ Սերբիան Եվրոպայի առաջին երկրներից է, որտեղ հայաստանցիներն առանց վիզա մուտք ունեցան։ Շատ հայեր ցանկանում են այցելել Սերբիա, ուստի վերջերս հաճախ են զանգահարում մեր դեսպանատուն` ճշտելու, թե ինչ է անհրաժեշտ ուղեւորության համար։ Արդեն այցելություն կատարած հայերից լսում եմ, որ շատ են հավանել մեր երկիրը ու իրենք էլ բազմաթիվ ընդհանրություններ են նկատել սերբերի ու հայերի միջեւ։

Հաջորդ կարեւոր որոշումը, որ կառանձնացնեի, Սերբիայի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրն է, որը հնարավորությունների դաշտ է ստեղծում կողմերի համար։ Մենք շատ մտահղացումներ ունենք՝ ամրապնդելու քաղաքական երկխոսությունը երկրների միջեւ, եւ շատ բան արդեն արվել ու արվում է։

Նշանակվել են տնտեսական, գիտական եւ տեխնիկական միջկառավարական հանձնաժողովների նախագահները, եւ առաջիկայում սպասվում են նոր բանակցություններ` քննարկելու համանուն ոլորտներում համագործակցության հեռանկարները: Միաժամանակ մշակույթի, կրթության, զբոսաշրջության, սպորտի ոլորտների համագործակցության լավ փորձ ունենք։ Այսպիսով՝ սա վերջին տասնամյակների դիվանագիտական հարաբերությունների ոչ ամբողջական պատկերն է։

Շատ կարեւոր է իմանալ, որ Սերբիան եւ Հայաստանն ունեն 10 երկկողմ համաձայնագրեր, որոնք ամուր հիմք են հետագա համագործակցությունը զարգացնելու համար: Իհարկե, սա միայն սկիզբն է…

-Տիկի΄ն Պանայոտովիչ-Ցվետկովիչ, որպես նորանշանակ դեսպան` ի՞նչ հեռանկարային ծրագրեր ունեք, որոնք կարող են իրագործվել մոտ ապագայում:

-Իմ ստանձնած առաքելությունը շատ կարեւոր է. ես դա գիտակցում եմ: Շատ ծրագրերի շուրջ խորհրդակցում եմ Սերբիայի կառավարության հետ, բայցեւայնպես, իհարկե, այստեղ եւս քննարկումներ եմ ունենում, որպեսզի իրականացնենք այն ծրագրերը, որոնք կհամապատասխանեն երկու երկրների շահերին: Առաջինը ցանկանում ենք խորացնել քաղաքական երկխոսությունը երկրների ու ժողովուրդների միջեւ: Դրա համար փորձում ենք կազմակերպել Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչի այցը Երեւան: Վերջինիս այցի շրջանակներում ցանկանում ենք կազմակերպել գործարար համաժողով, որին մասնակցելու համար Սերբիայից շատ գործարարներ եւ բիզնես ոլորտի փորձագետներ կժամանեն Հայաստան` ավելի շատ հնարավորություններ ստեղծելու երկու երկրների միջեւ տնտեսական ու բիզնես ոլորտները խորացնելու համար: Ինչպես արդեն նշեցի, դրանք կարող են լինել բարձր տեխնոլոգիական, գյուղատնտեսական, զբոսաշրջային, առողջապահական, հատկապես դեղագործական ոլորտները: Ցավոք, պետք է նշեմ, որ վերջին տարիների առեւտրի ցուցանիշները նվազել են` պայմանավորված համավարակով եւ տարածաշրջան այցի ընդհանուր իրավիճակով: Սակայն պետք է կենտրոնանանք հենց առեւտրի ոլորտը զարգացնելու վրա, որի հնարավորությունը տալիս է ԵԱՏՄ-ի հետ ունեցած համաձայնագիրը: Խոստումնալից է, որ կա երկկողմանի հետաքրքրություն` զարգացնելու նման կապերը: Նկատելի է, որ սերբական որոշ կազմակերպություններ գալիս են Հայաստան համագործակցության համար՝ հատկապես արտահանումներ իրականացնելու նպատակով: Սա գովելի է, քանի որ առանձնահատուկ կարեւոր է B2B (բիզնեսը բիզնեսի հետ) համագործակցային աշխատանքը, որին պետք է նպաստեն երկու երկրների կառավարությունները:

Ինչ վերաբերում է ներդրումային համագործակցությանը, ապա դա եւս կլինի տնտեսական, գիտական եւ տեխնիկական հանձնաժողովների քննարկման թեմաներից մեկը` դրա խորացման հնարավորություններն ու ուղղությունները սահմանելու նպատակով:

Մինչ Սերբիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան, ակնկալում ենք քաղաքական խորհրդակցություններ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ, որոնք կօգնեն վերլուծել արվածը եւ որոշել հետագա աշխատանքի ուղղությունները: Ակնհայտորեն համագործակցության ողջ ներուժը դեռեւս օգտագործված չէ, եւ մենք հենց այդ ուղղությամբ ենք փորձում դրական տեղաշարժեր կատարել:  

Հաջորդ կարեւոր քայլը, որ ջանում ենք իրականացնել այս երկու տարվա ընթացքում, ՀՀ-ում Սերբիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունն է:

Ցանկացած ոլորտում համագործակցության խորացումը ողջունելի է: Հավանական է, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Սերբիայի համալսարանների միջեւ կրթական տարբեր ծրագրեր իրականացվեն: Սերբիայում գոյություն ունի կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակներում երկու տեղ նախատեսված է հայ ուսանողների համար, ովքեր կժամանեն Սերբիա` ուսանելու: Մշակութային ոլորտում հնարավորությունները, բարեբախտաբար, ավելի շատ են: Վերջերս Սերբիայի ազգագրության թանգարանի ղեկավարն էր ժամանել Երեւան` ցուցահանդեսի միջոցով ներկայացնելու սերբական մշակույթը, հայկական մշակույթի հետ ունեցած անհերքելի ընդհանրությունները: Լիահույս եմ, որ մինչեւ այս տարվա վերջ մեզ եւս կհաջողվի նման ցուցահանդես կազմակերպել:

Վերջերս սերբերեն թարգմանվեց նաեւ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր կետ է մշակութային տարրերը փոխանակելու տեսանկյունից: Թարգմանված գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել ե՛ւ Բելգրադում, ե՛ւ Երեւանում, որոնց ներկա էին պատմաբաններ, ԳԱԱ աշխատակիցներ ու փորձագետներ: Շնորհանդեսին ներկա էր նաեւ պատվո հյուպատոս, հարգարժան Բաբկեն Սիմոնյանը, ով իր առանձնահատուկ դերն ունի հայ-սերբական մշակութային կապերի հաստատման ու զարգացման մեջ: Նա զբաղվում է գրականությամբ, թարգմանչությամբ. ուսումնասիրում եւ թարգմանում է սերբական դասական գրականություն, հայերին հասանելի դարձնում սերբական պոեզիան: Ես ցանկանում էի առանձնահատուկ նշել պարոն Սիմոնյանի անունը եւ գնահատել իր գործունեությունը: Լայն գործունեություն է ծավալում նաեւ դեսպան Հովակիմյանը, ով տիրապետում է սերբերենին, զբաղվում գրականության հետազոտական աշխատանքներով: Այդ թեմայի շուրջ ունի մենագրություններ:

Հայաստանի հրատարակչատներից եւս դրական արձագանքներ եմ ստանում` թարգմանելու ու հրատարակելու սերբական դասական գրականության նմուշներ: Միմյանց գրականության նմուշները թարգմանելն ու հանրությանը դրանք ներկայացնելն ամենակարեւոր քայլերից են, քանի որ նպաստում են փոխադարձ ավելի լավ ճանաչմանը: Օրինակ` կարդալով Խորենացու «Հայոց պատմություն»-ը սերբերեն` հնարավոր կլինի ավելի ճշգրիտ պատկերացում կազմել հայերի, նրանց ծագման, արմատների եւ յուրահատկությունների մասին: Փոխադարձ ճանաչումն իմ ամենամեծ ցանկություններից մեկն է: Մի կողմից քաղաքական երկխոսությունն է, մյուս կողմից` տնտեսականը: Ահա, այս ասպեկտների վրա է պետք կենտրոնանալ: Միմյանց պետք է տալ այն, ինչ ունենք. սա է փոխադարձ համագործակցության բանաձեւը: Դրան կօգնի ժողովուրդների միջեւ շփման եզրեր ձեւավորելը: Սերբիան շատ նկատելի է դառնում Հայաստանում, Հայաստանն էլ` Սերբիայում: Մենք բավական շատ բան գիտենք միմյանց մասին, սակայն դա դեռ բավարար չէ: Ժողովուրդների միջեւ շփումը խթանելու աշխատող տարբերակ է զբոսաշրջությունը: Սերբիայի բնաշխարհը հայերը, անխոս, կհավանեն, տեղաբնակները հյուրասեր հայերի նման են:

Սերբիայի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացման համար մտահղացումներս այնքան շատ են, եւ ի սրտե ցանկանում եմ` տարեցտարի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ գրանցենք այս ուղղությամբ:

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am