ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցում Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է. Քուրթուլմուշ

Armenpress 15:51, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցում անփոփոխ է մնալու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը:

«Թուրքիան իր դիրքերից չի նահանջի, մենք անդառնալիության կետում ենք, նահանջի մասին խոսք լինել չի կարող: Մենք խոսում ենք մի երկրի մասին, որը թանկ գին է վճարել ահաբեկչության դեմ պայքարի համար, զոհվել է մեր գրեթե 40 հազար քաղաքացի», - ասել է Քուրթուլմուշը CNN Türk-ին տված հարցազրույցում` նկատի ունենալով Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Ավելի վաղ անդամակցությանը դեմ էր հանդես եկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնավորապես նա թուրքական կողմի դիրքորոշումը բացատրել է Շվեդիայի և սկանդինավյան այլ երկրների կողմից քուրդ զինյալներին, ում Թուրքիան համարում է ահաբեկիչ, աջակցելու հանգամանքով: «Սկանդինավյան երկրները նման են ահաբեկչական կազմակերպությունների հյուրատան», - ասել է Էրդողանը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am