Վահրամ Դումանյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75- ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Armenpress 15:16, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է.

«Սիրելի՛ մաեստրո,

Թո՛ւյլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ:

Ձեր արվեստն իր անմիջականությամբ և բարձր կատարողականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Շուրջ հինգ տասնամյակ շարունակվող ազգանվեր գործունեությամբ Դուք նվաճել եք խստապահանջ ունկնդրի սերն ու համակրանքը ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում: Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի այն ներկայացուցիչներից եք, ում կյանքն ու գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորումներից են:   

Դուք նաև փայլուն մանկավարժ եք, որն իր ուժն ու եռանդը չի խնայում նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում` շարունակելով երիտասարդ արվեստագետներին փոխանցել կուտակած փորձն ու գիտելիքները:      

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական անսպառ ներշնչումներ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am