1000х90.jpg (78 KB)

Միգրացիոն ծառայության պետը Նյու Յորքում ընթացող ֆորումի շրջանակում փորձի փոխանակման ուղղությամբ պայմանավորվածություններ է ձեռք բերել

Armenpress 16:58, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորքում Միգրացիայի միջազգային դիտարկման ֆորումի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Դանիայի պատվիրակության՝ ի դեմս իմիգրացիայի եւ ինտեգրացիայի նախարարության պետքարտուղարի տեղակալ Հաննե Շտիգ Անդերսենի, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով հատուկ բանագնաց Յուստ Կլարենբեեկի և Շվեդիայի Միջազգային զարգացման համագործակցության նախարարության պետքարտուղար Ջենի Օլսոնի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Միգրացիոն ծառայությունից, կողմերի հետ Արմեն Ղազարյանը քննարկել է ինչպես ընթացիկ, այնպես էլ հնարավոր համագործակցության հարցեր, ռեադմիսիոն գործընթացները, ներկայացրել է Հայաստանում ապաստանի համակարգը, մասնավորապես նոր հատուկ կացարանի շինարարությունը ապաստան հայցողների համար: Գործընկերները դիտարկել են Հայաստանում գործունեության շրջանակն ընդլայնելու հնարավորությունը:

Որպես միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթություն՝ Ղազարյանը շեշտադրել է գործընթացների թվայնացումը: 

Միջազգային գործընկերների հետ Ղազարյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել հետագայում ևս փորձի փոխանակման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am