Պատժատեսակներից կազատվեն անձինք, որոնց գործած արարքը Քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություն չի համարվի

Armenpress 15:06, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է հիմնական և լրացուցիչ պատժատեսակներից ազատել այն անձանց, որոնց կատարած արարքները այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքով հանցագործություններ չեն համարվի. գույքի բռնագրավում պատժատեսակից կազատվեն այն անձինք, որոնց նկատմամբ կայացված բռնագանձման ակտն Օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կատարված չի լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Քրեական նոր օրենսգիրքը ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ին ԱԺ-ի կողմից: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործ ունենք նոր իրավիճակի, նոր օրենսգրքային մոտեցումների հետ, բնականաբար պետք է լինի այնպիսի օրենք, որն անցումային ժամանակահատվածը շատ հստակ կերպով իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան կկարգավորի»,-ասաց Սարգսյանը:

Օրենքով կարգավորվում են մի շարք հարցեր:

«Նախատեսվում է նաև, որ Օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո հիմնական և լրացուցիչ պատիժներից պետք է ազատվեն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձինք, որոնց կատարած արարքները Քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություններ չեն համարվում»,-ասաց փոխնախարարը:

 Նոր Քրեական օրենսգրքով, օրինակ, գույքի բռնագրավումն այլևս որպես առանձին պատժի տեսակ չի գործելու: Բայց կան այնպիսի անձինք, որոնք դատապարտվել են այս պատժատեսակով: Գույքի բռնագրավումը այսուհետ հանդիսանալու է որպես քրեաիրավական ներգործության այլ միջոց: «Հետևապես,  նախատեսվում է, որ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գույքի բռնագրավում պատժատեսակից պետք է ազատվեն այն անձինք, որոնց նկատմամբ կայացված դատավճիռը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ուժի մեջ է մտել, սակայն գույքի բռնագրավում պատժատեսակն ի կատար չի ածվել կամ դատավճիռն ուժի մեջ է մտել, բայց հուլիսի 1-ից դրությամբ բռնագանձումը չի իրականացվել: Այս առումով արտոնությունից կօգտվեն այն անձինք, որոնց վերաբերյալ դեռևս բռնագանձման ակտը չի կայացվել»,-ասաց փոխնախարարը:

Նախատեսվում է, որ համապատասխանեցնումները, որոնք կարիք կլինի ունենալ Քրեական նոր օրենսգրքի և հին օրենսգրքով կայացված դատական ակտերի միջև, պետք է կայացվեն դատական ակտ կայացրած դատարանները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am