1000х90.jpg (78 KB)

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր

Armenpress 16:05, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ մայիսի 24-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նախարարները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր, ինչպես նաև Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության արդյունքներով ձևավորված առաջարկությունների իրագործման ընթացքը:

Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել համատեղ պատրաստության պլանավորման, բազային ուսումնամեթոդական և գիտահետազոտական կազմակերպությունների համակարգի զարգացման ու կատարելագործման, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական ապահովման և մի շարք այլ հարցեր:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ քարտուղարին առաջարկել է բոլոր ընդունված փաստաթղթերի ստորագրումը կազմակերպել անհատական կարգով:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացումը ծրագրվել է 2022թ. չորրորդ եռամսյակում, Հայաստանի Հանրապետությունում, ՀԱՊԿ հավաքական անվտանգության վեհաժողովի նախօրեին:

           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am