ՀՀ և Լեհաստանի նախագահները մտքեր են փոխանակել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ

Armenpress 19:24, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Անջեյ Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում: «Միևնույն ժամանակ, երկու երկրների ղեկավարները կարևորել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր լիցք և բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը և կարևորել համատեղ ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի և «Վարշավայի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ միջև համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am