1000х90.jpg (78 KB)

Հայդուկականչն արթուն է պահելու. նա գալիս է ամեն սերնդի հետ Բրաբիոն ծաղիկ որոնելու…

Armenpress 09:15, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհում ֆիդային ոչ մի հարստություն չունի: Նա օթեւան չունի: Յոթ օրից ավելի ֆիդային իրավունք չունի մնալու նույն տեղում: Նա անվերջ շարժման մեջ է: Երբ բոլորը քնած են, ֆիդային ելնում է ոտքի: Նա զրկված է լուսաբացի քաղցր քնից: Ոչ ոք չպիտի իմանա, թե ֆիդային ինչ ուղղությամբ անհայտացավ խավարի մեջ, որ ձորից ելավ եւ որ սարի լանջերով գնաց: Գյուղ մտնելիս ֆիդայու իջեւանը հայ լեռնականի գոմի կամ մարագի մութ անկյունն է: Երբ ձմեռ է, նա պետք է գտնի որեւէ քարայր եւ մտնի մեջը, մինչեւ գարունը բացվի, կամ սառած ձյունը փորի եւ ծածկվի ձյունի տակ՝ մի աննշան ճեղք թողնելով լույսի եւ օդի համար:

Ֆիդային գերեզման չունի: Նրա ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է՝ ազատության երգը շուրթերին եւ գնդակը ճակատին…»:

Խաչիկ ԴԱՇՏԵՆՑ. «Ռանչպարների կանչը»

 

Արդեն չեմ էլ հիշում, թե քանի անգամ եմ կարդացել դաշտենցյան այս վիպասքը, գրական այս մարգարիտը, որ սերնդից սերունդ շարունակաբար հայ խլրտուն արյան բաբախն է թարմացնում, բորբոք պահում հայ էթնոսի՝ էրգիր վերադարձի բզկտված հույսը: Սա հայ հոգու մատյան է, աստվածաշնչյան հավերժախոս կոթող, ազատատենչության ու հայրենանվիրումի բացառիկ ձոներգ:

«Ինչպես հայ ֆիդայիները դաշտադեմցի Խաչիկի կանչով նոր-նոր գալիս են դեպի մեզ, այնպես էլ ինքը՝ Խաչիկ Դաշտենցը նրանց հետ գալիս է եւ ամեն սերնդի հետ կորոնի իր հայրենիքի Բրաբիոն ծաղիկը»,- ժամանակին այսպես է գրել ֆիդայականչի մեկ այլ փողհար՝ Մուշեղ Գալշոյան անուն-ազգանունով:

Սասնա Դաշտադեմ գյուղի հովիվ Տոնո Տոնոյանի ընտանիքում է ծնվել մեծավաստակ արձակագիրը, բանաստեղծն ու թարգմանիչը, ով իր ծննդավայրի անունն էր նախընտրելու որպես գրական անուն: Հետո այդ անունը հայտնվելու էր դասականների ցանկում, որոնք ցոլացրել են հայ գենի հանճարը… Իսկ մինչ այդ ճաշակելու էր վայրից վայր որբանոցային կյանքի դառնությունները՝ մինչեւ Գյումրու ամերիկյան որբանոց, միջնակարգից հետո ուսուցչություն էր անելու Հոռոմ եւ Սառնաղբյուր գյուղերում, ավարտելու էր մայր բուհի լեզվագրական ֆակուլտետը, աշխատելու «Ավանգարդ» թերթում, դասավանդելու պետհամալսարանում, Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, պոլիտեխնիկում, ակադեմիայի արվեստի ինստիտուտում:

Դաշտենց վիպասանն իր մուտքը գրական աշխարհ սկսել է պոեզիայով: Նրա առաջին բանաստեղծություններն իսկ գրավել են հանճարեղ Չարենցի ուշադրությունը, արժանացել նրա հատուկ վերաբերմունքին: Չարենցն առանձին գրություններով դիմել է Պետհրատի այն ժամանակվա տնօրեն Էդվարդ Չոփուրյանին եւ հայտնի ձեւավորող նկարիչ Տաճատ Խաչվանքյանին՝ ապահովելու երիտասարդ բանաստեղծի գրքի որակյալ տպագրությունը:    

22 տարեկանում լույս է տեսնում նրա առաջին՝ «Երգերի գիրքը»: Այնուհետեւ իրար են հաջորդում «Գարնանային երգեր» եւ «Բոց» ժողովածուները, «Տիգրան Մեծ» չափածո ողբերգությունը: Բայց այդ գրքերից մեկի՝ «Բոցի» հարուցած աղմուկն իր անձի շուրջ այնքան էր մեծ, որ հեղինակն ստիպված էր հեռանալ Մոսկվա, ուսանել օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժնում՝ նախապատրաստվելով թարգմանչական աշխատանքի: Հետագայում գերազանցապես հայացնելու էր Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա», «Ռոմեո եւ Ջուլիետ» ողբերգություններն ու պատմական քրոնիկները, Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը», «Ռուբին Հուդ», Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը», Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին» դրամաները, անգլերենի դասագրքեր էր կազմելու հայկական դպրոցների համար:

Թարգմանությունը՝ թարգմանություն, բայց գրողին լայն ճանաչում էր բերելու արեւմտահայության ողբերգությունը եւ սասունցիների կյանքն արտացոլող «Խոդեդան» վեպը: Ժողովրդական խոսքուզրույց, պատմական հիշատակներ, ազգագրություն եւ հեքիաթներ, կենցաղ եւ գեղջկական պատումային ձեւեր՝ ժողովրդագիտության ամբարած իր այս պաշարները, որ կաթիլ առ կաթիլ ժողովել էր վաղ մանկությունից մինչեւ իմաստնության հասակը՝ ի գործ էր դնելու բանահյուսական-էպոսային արձակի մեծակտավ խնդիրը լուծելու համար: Եվ ծնվեց Դաշտենցի գրքերի գիրքը՝ «Ռանչպարների կանչը»՝ թուրքական բռնակալության դեմ հայ «չաթալսիրտ» հայդուկների մղած պայքարի մասին: Գրողի շողարձակ այս վիպասքը բաժանվում է երեք մասի՝ առաջինը ներառում է 57 նովել, երկրորդը՝ 23, եւ երրորդը՝ 20: Դրանցից յուրաքանչյուրն առանձին մի պատում է՝ ներդաշնակ շարունակականությամբ, գրական որեւէ ժանրի մեջ չսահմանափակվող էպիկական ու ոգեշունչ ստեղծագործություն:

Խաչիկ Դաշտենցը գրել է նաեւ պոեմներ՝ «Ֆայտոն Ալեքը», «Ծուռ խութեցին», հեղինակել բանասիրական աշխատություններ՝ «Բայրոնը եւ հայերը», «Ըղձյալ այգաբացի երգիչը»՝ նվիրված խելագարված ամբոխների երգչին:

Այսօր հայդուկաշունչ գրողի ծննդյան օրն է. վերստին ըմբոշխնենք նրա հայդուկականչը, որը սերունդներ է արթուն պահելու…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am