Հայտնի է Չեռնոգորիայի նախագահի Հայաստան պաշտոնական այցի օրակարգը

Armenpress 16:17, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, թե ինչ օրակարգով է ընթանալու այցելությունը:

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միլո Ջուկանովիչի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև, Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Չեռնոգորիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծառ կտնկի Հիշողության պուրակում:

Այցի շրջանակում Չեռնոգորիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Հայաստան այցի ընթացքում Չեռնոգորիայի նախագահը կայցելի նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am