1000х90.jpg (78 KB)

Հավաքի մասնակիցներին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ քննվող գործով կա ձերբակալված. ՀՀ քննչական կոմիտե

Armenpress 18:36, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության հավաքի մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանին թմրամիջոցներ իրացնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ մայիսի 12-ին ՀՀ ոստիկանությունում հարուցված և նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական գործի շրջանակներում, Ֆրանսիայի հրապարակում Արթուր Սեդրակյանին և հավաքի այլ մասնակիցներին թմրամիջոցներ իրացնող անձանց բացահայտելու և պարզելու նպատակով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ու տարածքային համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում իրականացված 39 բնակարանների և 4 ավտոմեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն, համալրող դետալներ, փամփուշտներ, մարիխուանա, հաշիշ, կանեփի սերմեր և թփեր, իսկ քաղաքացի Ա.Վ.-ի ավտոմեքենայի պահեստային անվադողի տեղադրման հատվածից՝ 475 գրամ մեթամֆետամին, 950 գրամ մարիխուանա, 1055 գրամ ափիոն, 72,8 գրամ հերոին տեսակի թմրամիջոցներ:

Ա.Վ.-ն ձերբակալվել է:

«Տեղեկացնենք, որ քաղաքական ընդդիմության կողմից Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքների ժամանակ՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:55-ին, մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանի մահվան դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինիս մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդով /DELTA-9-THC, JWH-018, JWH-203, RCS-8, Cannabipiperidethanone/ և բենզոդիազեպիններին պատկանող տարատեսակ միացություններով /2H-1, 4-Benzodiazepin-2-one, 7-Chloro-2-menthylthio-5-phenyl-3H-1,3-4-benzotriazepine/ սուր թունավորման հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am